Site icon CIVILNET

Րաֆֆի Հովհաննիսյանը թիկնապահների կարիք չունի

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չէ օգտվել թիկնապահներ ունենալու Ոստիկանության առաջարկից, չնայած որ երեկ՝ հունվարի 31-ին, նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ հրազենի կիրառմամբ մահափորձ է իրականացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննիսյանը:

«Իմ երկրում ես հավելյալ պաշտպանության կարիք չունեմ: Սա այն դեպքը չէ, որ ես կարող եմ թիկնապահների վարձակալմամբ այդ հարցը լուծել: Ես դեմ եմ ճակատագրապաշտությանը: Միգուցե իսկապես պետք լինի ավելի շրջահայաց լինել, բայց ես պատրաստ չեմ կյանքի իմ ոճը և բովանդակությւոնը փոխել և կշարունակեմ իմ քարոզարշավը և կյանքը Հայաստանում առանց թիկնապահների»,- ասաց նախագահի թեկնածուն:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես է ինքը կարողանում համատեղել նախընտրական շրջանի իր անմիջական շփման վարքագիծը ««Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն աշխատած տարիների վարքագծի հետ, երբ նրա հետ շփումը բավական բարդ է եղել և աշխատակիցներին հիմնականում պարտադրվել է գրավոր հաղորդակցվել իր հետ: «Թեև ես ունեմ մարդկային անմիջական շփումների հակում, սակայն աշխատանքում ես պահանջում եմ, որ ովքեր պատասխանատու են այս կամ այն գործի համար, նաև գրավոր զեկուցեն, պատասխանատվություն կրեն: Պարույր Հայրիկյանին առողջության մաղթելու օրը կարծում եմ, որ չարժի խորանալ այդ մեթոդաբանության մեջ»,- նկատեց «Ժառանգության առաջնորդը»:

Հիշեցնենք, որ երեկ (հունվարի 31) ուշ երեկոյան Երևանի Տպագրիչների 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Թեկնածուն տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այսօր Հայրիկյանին վիրահատել են` մարմնից հեռացնելով գնդակը: Վիրահատությունը բարեհաջող է անցել:

Մահափորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Exit mobile version