Թուրքիայում ապրող հայերի կյանքը նման է ֆրանսիական ֆիլմի.Հայկո Բաղդադ.

Պոլսահայ Հայկո Բաղդադը ժամանակակից ամենաճանաչված գրող-հրապարակախոսներից է: Թուրքիայում նա աչքի է ընկնում իր համարձակ և սուր քննադատություններով լի հոդվածներով: Վերջերս լույս տեսած «Խխունջ» վերնագրով գրքում նա պատմում է իր մանկության, պատանեկության և թուրքական բանակում ծառայելու մասին: ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանը զրուցել է Հայկո Բաղդադի հետ:

Ստամբուլում Բաղդադի հետ հանդիպեցինք մեկ ուրիշ հայի՝ Տայք Միրիջանյանի «Ճաշ» ռեստորանում և զրուցեցինք Թուրքիայում հայ լինելու դժվարությունների և մարտահրավերների մասին:

Հայկո Բաղդադի «Խխունջ» վերնագրով գրքում հնարավոր է գտնել Ցեղասպանության և Հրանտ Դինքի կյանքի մասին տարբեր դրվագներ: Գրքի վերնագիրը գալիս է «Մահմեդական թաղում խխունջ վաճառել» թևավոր խոսքից, որն օգտագործվում է փակ հասարակությունում նորամուծության փորձի ձախողման իմաստով: Բաղդադը, իրեն նմանեցնելով խխունջի, իր պարզ ոճով և կյանքից բերած օրինակներով փորձում է թուրք ընթերցողին հասու դարձնել այն, թե ինչպես է սկսում և ձևավորվում Թուրքիայում ծնված հայ երեխայի կյանքը:

Հայկոն ամուսնացած է, ունի երկու որդի: Գրում է «Թարաֆ» օրաթերթի համար և աջակցում «Հրանտի ընկերները» խմբի աշխատանքներին: Սոցիալական ցանցերում ունի բազմաթիվ հետևորդներ, որոնք օրեցօր ավելանում են, հատկապես՝ Թուրքիայում: Հայկո Բաղդադն օրն սկսում է իր հետևորդներին հայերեն «Բարի լույս» մաղթելով և նրանց հայերեն բառեր սովորեցնելով:

Հակառակ Թուրքիայում ապրող հայերի մեծ մասի՝ Հայկոն հաշտվողներից չէ: Նա պայքարում է հանուն արդարության, այդ թվում՝ ոչ միայն հայերի, այլև հալածանքի և ճնշումների ենթարկված այլ ազգերի և հասարակական խմբերի համար:

Հայկո, բա՞րդ է Թուրքիայում հայ ծնվել:

Նորածնի ծնվելուց առաջ մերձավորները նախապատրաստական աշխատանք են իրականացնում, սենյակը, օրորոցն են պատրաստում և այդպես շարունակ: Նորածնի սենյակում դնում են ամենասրբազան իրերը:

Մահմեդականներն իրենց սենյակում դնում են Ղուրանը, ալևիները՝ Սուրբ Ալիի նկարը, քրիստոնյաները՝ Հիսուս Քրիստոսի ու Մարիամ Աստվածածնի պատկերները, մարքսիստները՝ Կառլ Մարքսի ու Էնգելսի նկարները: Եվ սա լավ բան է, ավելի լավ կյանքի և ազատ աշխարհ ստեղծելու համար է:

Երեխան մեծանալով՝ անվերապահորեն, առանց երկմտանքի յուրացնում է այդ սրբությունները: Երբ արդեն մի քիչ էլ է մեծանում և տնից դուրս գալիս, երբ գալիս է կյանք մտնելու ժամանակը, փողոցում, թաղամասում, համալսարանում հարաբերություններ է հաստատում, տեսնում է, որ իր սրբությունները բոլորի կողմից վատ վերաբերմունքի են արժանանում: Տեսնում է, որ իր և դիմացինի սրբությունը միմյանց հետ որևէ կապ չունեն: Բազմությունը լավ չի ընդունում ոչ քո Հիսուս Քրիստոսին, ոչ Մարիամ Աստվածածնին, ոչ էլ այն, որ դու քո մայրենիով ես «մայրիկ» ասում: Դա լավ, ավելի ճիշտ՝ արդար սկիզբ չէ փոքրիկ երեխայի համար: Այդ երեխան միշտ մտածում է՝ ինչո՞ւ է հայ լինելն այսքան վատ Թուրքիայում, նա հայությունն ընկալում է որպես հիվանդություն:

Երբ, ինչպես նշեցիք, տարբերություն եք զգում Ձեր ու նրանց սրբությունների միջև, ի՞նչ եք անում:

Երկու հնարավորություն կա: Մեկը, փոխաբերաբար ասած, հիվանդ մարդու պես ապրելն է, այնպիսի հիվանդություն, որը վերջանալու է մահվամբ: Այս մարդկանց համար կարևորը կյանքի մնացած հատվածն արժանի ու պատվով ապրելն է, ոչ թե այն, թե քանի տարի կապրեն: Դրան հակառակ՝ կա մեկ այլ ձև. ընդունելով, որ կյանքն արդեն իսկ մահացու հիվանդություն է, ոմանք, արժանի ապրելու փոխարեն, նախընտրում են թաքցնել իրենց գոյությունը, ջայլամի պես են պահում իրենց, չտեսնելու տալիս ամեն ինչ ու անտեսում, գաղտնի պահում իրենց սրբությունները, սքողում այն, ինչ կա:

Հավանաբար մեծ մասը:

Այո: Սա տարբերակ է: Սակայն սրանից զատ մեկ այլ միջոց էլ կա, որը շատ արագ հասկացա դեռ փոքր տարիքից: Այդ մասին գրում եմ իմ գրքում: Երկրորդն այն է, որ փորձես դրությունը փոքր-ինչ լավացնել: Ես, կարծես թե, ընտրել եմ այդ տարբերակը:

Ձեր անունը Հայկո է, այսինքն՝ փրկություն չունեք: Ի՞նչ է պատահում, երբ ասում եք Ձեր անունը:

Իմ մայրը հույն է, ես ձախական եմ ու սոցիալիստ: Այսինքն՝ իմ մեջ մեկտեղված է այն ամենը, ինչը Թուրքիայի պաշտոնական պատմության տեսանկյունից համարվում է ամենավատն ու թշնամականը: Մյուս կողմից, սակայն, թե՛ Սփյուռքից, թե՛ Հայաստանից նայելիս, մարդիկ կարող են ասել, որ դուք արդեն թրքացել, ձեռքից գնացել եք: Դա այդպես չէ, հատկապես այն դեպքում, երբ ապրում ես մի կյանք, երբ ամեն քայլափոխին քեզ մշտապես հայկականության մեջ են մեղադրում՝ փողոց դուրս գալուց և ծանոթներիդ ձեռք երկարելուց սկսած: Դա իր պարզ պատճառն ունի. Թուրքիայի հերոսն իմ մարդասպանն է, իսկ իմ հերոսը՝ իրենց մարդասպանը: Այդպես են գրել պատմությունը: Այդ պատճառով ամեն օր ապրում ես մի կյանք, որի ամեն վայրկյանը պայքարի ու լարվածության մեջ ես:

Դուք որոշել եք չլքել Թուրքիան, մնալ ու պայքարել: Ձեր որդեգրած ուղին կամ մոտեցումն ինչո՞վ է սնվում, այս պայքարի շարժիչ ուժը ո՞րն է:

Երկու հարց կա: Առաջինը՝ ո՞ւր գնամ: Հողս, մշակույթս, իմ իմացած լեզուն այստեղ են, իմ ուրախությունն ու տխրությունն այստեղ են, ողբերգությունն ու զգացմունքը, ես այս երկրի զավակն եմ, որևէ տեղից չեմ եկել այստեղ: Ոմանք հարցնում են՝ հայերը որտեղի՞ց են եկել այստեղ, մենք այստեղ էինք շատ վաղուց, ինձ սնուցող արմատն այստեղ է, ոտքերիս տակ իմ արմատն է: Առաջինը, փաստորեն, հետևյալն է՝ գնալու ուրիշ տեղ չունեմ:

Իսկ երկրորդը տրագիկոմեդիայի նման է: Այդ տրագիկոմեդիայի վիճակում գտնվող մարդու մեջ խիղճը կարծես գրավ դրված լինի: 1915թ. եթե ֆիլմ, կամ, ասենք, երազ լիներ, որտեղ հայերը անապատում փախչում են, առավոտյան այդ երազը տեսած թուրքերը սարսափած կարթնանային: Երազում բոլորը ցանկանալու էին անապատում երեխաները գրկներին քայլող մայրերի փրկությունը: Սակայն ի՞նչ եղավ հարյուր տարի առաջ, որ թուրքերն անցան չարի կողմն ու սպանեցին մարդկանց անապատներում: Ես թուրքերին այդ մասին եմ հարցնում: Ինչո՞ւ այդպես վարվեցիք:

Ի՞նչ են պատասխանում թուրքերը:

Դրական են պատասխանները, ի վերջո: Հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում զարթոնք է նկատվում: Առերեսմանը միտված ժողովներին ընդամենը հինգ-վեց հոգին էին ներկա. մեկը տրանսսեքսուալ էր, մեկը քուրդ էր, մեկը՝ ալևի, մեկը՝ հայ, մյուսն էլ՝ գլխաշորով կին, որոնց նկատմամբ մինչև վերջերս ճնշումներ էին գործադրվում: Նրանք պատմում էին իրենց կյանքի փորձառությունը, վշտանում էին մարդիկ այդ պատմություններից, և հաջողվում էին նման հավաքները: Սակայն, երբ ասում ենք առերեսում, չի նշանակում, թե պետք է անընդհատ ու անդադար պատմենք տուժածին՝ հային, պատուհասած զուլումի մասին: Թե ինչ է տեղի ունեցել մեզ՝ հայերիս հետ, արդեն հայտնի է: Հիմնական հարցն այն է, թե ինչ է տեղի ունեցել թուրքերի հետ: Ի՞նչ պատահեց, որ, համատեղ պատմությունը մի կողմ թողնելով, մեղմացուցիչ հանգամանքներ եք փնտրում, ինչո՞ւ ճանապարհ բացեցիք ոճրագործության համար: Իմ ասածը կապ չունի միայն հայերի հետ: Ոճրագործության հիմքը մշակույթի մեջ է, Ռոբոսկիում 34 մարդու սպանությունն ամենևին նոր բան չի կարելի համարել: Թուրքիայում մարդասպանն ազգային պետությունն է, պետություն, որը ոճրագործության հիման վրա է կառուցվել: Այսօր միայն հայերին չի սպառնում այդ պետությունը. սպառնում է թուրքերին, քրդերին, ալևիներին և Թուրքիայի բոլոր բնակիչներին: Ես հենց սա եմ ցանկանում բացատրել Թուրքիայի ժողովրդին:

Թուրքիայում, որտեղ երեխա եք եղել, այժմ Դո՛ւք ունեք ընտանիք ու երեխաներ: Նրանք Ձեզնից բախտավո՞ր են:

Ինձ համար շատ կարևոր մի հանգամանք կա. Հրանտ Դինքի կյանքն ու գործը: Դինքի սպանությունից հետո ասում էին երկու երեխա ունես, ինչո՞ւ ես քեզ այդպես պահում, մի՞թե չես վախենում: Ասում էի ու ասում եմ՝ այո, երկու երեխա ունեմ ու հենց այդ պատճառով եմ անում: Ձնագնդի պես մեզ վրա է գալիս ռասիզմը, այլատյացությունը, ժխտողականությունը: Եթե ինձնից անցնի՝ այդ բռնության կծիկը հասնելու է իմ երեխային: Պետք է փորձենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի մեղմացնենք այդ բռնությունը:

Եվ երկրորդը. լավ, էլ ի՞նչ պիտի լինի սրանից ավել: Արդեն բավական է: Այս նախադասությունը միայն չեմ ասում Հայոց ցեղասպանություն մասին: Ընդհանուր պատկերի համար եմ ասում:

Կյանքը հոլիվուդյան ֆիլմի պես չէ Թուրքիայում, այդքան պարզ չէ: Մեր կյանքն ավելի շատ նման է ֆրանսիական ֆիլմի:

Հայկո՛, մտորումներդ մեկտեղել ես մի գրքում և փորձել ես դրանք բացատրել ընթերցողին: Եվ եղան հասկացողներ, ինչպես տեսնում եմ:

Այս, ձախական և հայ մարդու գիրքը Թուրքիայում ընթերցողների ավելի կոնկրետ մի զանգվածի պիտի ուղղված լիներ: Սակայն այդպես չեղավ: Երկու ամսվա ընթացքում 35 հազ. օրինակ արդեն վաճառվել է: Չգիտեմ՝ Հայաստանի համար դա լուրջ թիվ է, թե՝ ոչ, սակայն Թուրքիայի կտրվածքով մեծ թիվ է, ընդգրկվելու է այս տարվա ամենաշատ վաճառված գրքերի ցանկում: Այցելում եմ Անատոլիայի բոլոր կողմերը, Նյու Յորք եմ գնում, Միավորված ազգերի կազմակերպություն, Եվրախորհրդարան, Բրյուսել: Եվ ինձ լսելու, գիրքը ստորագրելու եկողների մի կեսը գլխաշորով կանայք են, պահպանողական հայացքների տեր կանայք ու տղամարդիկ, նույնիսկ՝ ազգայնականներ: Այսպիսով՝ այս ձայնը լսելի եղավ Թուրքիայում, և ոչ միայն: