Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ, այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ կուսակցության խորհրդի այսօրվա նիստում։
Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը, ապա խորհուրդը միաձայն հավանություն է տվել ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունունը առաջադրելու հարցում։ Այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստում, իր հրաժարականի մասին էր հայտարարել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխոսենք կառավարության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ իր առաջարկությամբ կուսակցության գործադիր մարմինը որոշում է կայացրել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
«Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:
Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն և որ ամենակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրականանալի:
Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում:
Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:
Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավման ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագավառներում: Առանց բաց կառավարման, հասարակական լայն վստահություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի հնարավորություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը:
Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառավարությունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազատություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պատասխանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունավետությունը: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին․
«Ես բարձր եմ գնահատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի քայլը, ում գլխավորությամբ կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունների հնարավոր հետևանք հանդիսացող ցնցումներից, իրականացվող քաղաքականության արդյունքում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտապես արձանագրելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր և կայուն, երկարաժամկետ աճ: Վարչապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր երկրի քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառավարությունն արեց հնարավորը երկիրը փոփոխությունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնորհակալ եմ, պարոն Աբրահամյան»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, և իրենց «համատեղ աշխատանքը շարունակվելու է»: