Փոփոխություններ կլինեն կառա­վարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում․ Սերժ Սարգսյան

Փոփոխություններ կլինեն կառա­վարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատա­իրավական համակարգ, այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ կուսակցության խորհրդի այսօրվա նիստում։

Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը, ապա խորհուրդը միաձայն հավանություն է տվել ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունունը առաջադրելու հարցում։ Այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստում, իր հրաժարականի մասին էր հայտարարել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատա­կադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապա­տաս­խանեց­ման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փո­փոխություններ: Փոփոխություններ կլինեն կառա­վարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատա­իրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխո­սենք կառա­վարության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ իր առաջարկությամբ կուսակցության գործադիր մարմինը որոշում է կայացրել վարչապետի պաշտո­նում Կարեն Կարապետ­յանի թեկնածությունն առաջադրելու մասին:

«Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետ­յանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադ­րությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարա­պետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապե­տական կու­սակցությանը նոր ոգի հաղոր­դելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստա­ցել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տա­նելու պատ­րաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստա­հու­թյուն և որ ամե­­նակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրա­կանանալի:

Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստա­տակամ իր նպատակներում:

Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխա­նությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշ­խա­վորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիր­քերը տարածաշրջանում:

Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդ­յու­նավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավ­ման ինստի­տուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագա­վառներում: Առանց բաց կառավարման, հասարա­կական լայն վստա­հություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կա­ռա­վարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրա­պարակային գործընթացների արդյունքում տնտե­սական այնպիսի բարե­փոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակ­ցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտես­վարող սուբյեկտի հնարավո­րություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը:

Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառա­վարու­թյունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազա­տություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պա­տաս­խանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունա­վե­տությունը: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին․

«Ես բարձր եմ գնահատում վարչապետ Հովիկ Աբրա­համյանի քայլը, ում գլխավորությամբ կառա­վարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բա­ցասական ազդեցությունների հնարավոր հետևանք հանդի­սացող ցնցումներից, իրականացվող քաղաքա­կանու­թյան արդյուն­քում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտա­պես արձանագրելով, որ Հայաս­տա­նին անհրա­ժեշտ է ավելի բարձր և կայուն, եր­կա­րաժամկետ աճ: Վար­չապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր երկրի քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառա­վարությունն արեց հնարավորը երկիրը փո­փոխու­թյունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնոր­հակալ եմ, պարոն Աբրահամյան»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մաս­նակ­­ցել գալիք խորհրդարանական ընտրություններին, և իրենց «հա­մատեղ աշխա­տանքը շարունակվելու է»:

Մեկնաբանել