«Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հա տարածք»․ նախկին դիվանագետներ

Հայաստանի նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի հատվածում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի կառավարության նիստին հայտարարել է, որ գործընթացի շրջանակներում ստեղծվում է ոչ թե նոր սահման, այլ վերականգնվում է գոյություն ունեցող սահմանը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։

Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ նախկին դիվանագետների, չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր։

«Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթացները.

-Առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է,

-Երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրա երկու խորհրդային հանրապետությունների միջև ձևավորված հանձնաժողովների կատարած աշխատանքների և վերջնական ճշգրտումների ավարտին ստորագրված 182 արձանագրությունները՝ մանրամասն նկարագրերով։ Դրա արդյունքում փաստացի սահմանագծվել է հայ-ադրբեջանական 975 կմ երկայնքով ողջ սահմանը (ներառյալ Նախիջևանը)։ Արձանագրությունների բնօրինակն ի պահ է հանձնվել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտին և մեկական օրինակ ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին։ Արձանագրությունների հիման վրա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողությամբ 1988 թ. հրատարկվել է պաշտոնական քարտեզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին։

Այս ապօրինի գործընթացի արդյունքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք»։

***

Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-ի դեկտեմբերի 21-ին ստորագրված փաստաթուղթ է Անկախ պետությունների համակագործակցության կազմավորման մասին, որին միացել են նաև ԽՍՀՄ նախկին հանրապետություններ Հայաստանն ու Ադրբեջանը։ Հռչակագրում, ի շարս այլ դրույթների, հղում կա պետությունների տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Այս դրույթը հաճախ է վկայակոչում Հայաստանի ներկայիս կառավարությունը։ Հայաստանի Գերագույն խորհուրդը, մինչդեռ, 1992-ի փետրվարին Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

Հայաստանի գործող կառավարությունը, որը հաճախ է վկայակոչում Ալմա-Աթայի հռչակագիրը, երբևէ հղում չի կատարում ղարաբաղյան բանակցությունների տասնամյակների ընթացքում ներկայացված կարգավորման առաջարկներին, որոնք բոլորն անվերապահ փաստել են Լեռնային Ղարաբաղ քաղաքական միավորի գոյությունը, իսկ 2007-ին ներկայացված կարգավորման Մադրիդյան առաջարկները, որոնք հանձնվել են ԵԱՀԿ դեպոզիտարիային, հնարավոր են համարել նաև Լեռնային Ղարաբաղի դե յուրե անջատումը Ադրբեջանից՝ ռեֆերենդումի միջոցով։

Տե՛ս նաև՝ Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելը քրեորեն պատժելի է․ Վահագն Մելիքյան

Մեկնաբանել