Ֆրանսիայի Սենատը դեկտեմբերի 11-ին ընդունել է բանաձև՝ ԴԱԻՇ [«Իսլամական պետություն»] ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության հարցով: Բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել եզդիների նկատմամբ ԴԱԻՇ-ի գործած ցեղասպանությունը, հաղորդում է DengeEzdia.com կայքը։
Ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկել են Սենատում ներկա բոլոր 309 անդամները: Բանաձևով ֆրանսիացի սենատորները կոչ են անում կառավարությանը պաշտոնապես ճանաչել եզդիների նկատմամբ ԴԱԻՇ-ի գործած ոճրագործությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջովով այն ուղարկել Միջազգային քրեական դատարան։
Ցավալի է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության հետևանքները կրող պետություն, ինքը չի բարձրացրել եզդիների հարցը
«Իրականում ոգևորող է, որ Ֆրանսիայի եզդիական համայնքը կարողացել է հասնել նման արդյունքների, իսկ Ֆրանսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ կանգնած է մարդու իրավուքնների պաշտպանության ակունքներում»․ Սենատի բանաձը ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես գնահատեց Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, լրագրող Բորիս Մուրազին։
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի համատեքստում Բորիս Մուրազին անդրադարձավ Հայաստանի Ազգային Ժողովի օրակարգ մտած՝ եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին, որի մշակմանն անձամբ է մասնակցել և քննարկել բոլոր համահեղինակների, այդ թվում՝ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
«Այս պահին նախագիծը բավական տարբերվում է նախնական տարբերակից, ինչը ցավալի է, քանի որ ԱԺ մեծամասնությունը դեմ էր, որպեսզի հիշատակվի անգամ ահաբեկչական ԴԱԻՇ-ի անունը, ուստի այն հանվեց»,- ասաց Մուրազին՝ նշելով, որ դատելով զարգացումներից և քննարկումներից՝ նախագիծը կարող է այդպես էլ քվերակության չդրվել: Իսկ նախագծի տեքստում ԴԱԻՇ-ին հիշատակելու դժկամությունը պատճառաբանվում է Հայաստանն ու Մերձավոր Արևելքի հայկական համայնքը չթիրախավորելու մղումով, ինչը, Մուրազիի խոսքով, «անհասկանալի է», քանի որ առանց այդ հայտարարության ընդունման «ԴԱԻՇ-ը, որտեղ ձեռքը հասնում է, հայերի է սպանում կամ պղծում է հայկական սրբությունները»:
«Սա ցավով եմ ասում, քանի որ ես կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության հետևանքները կրող պետություն, պետք է ինքը բարձրացներ խնդիրը»,- եզրափակեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը։
Ստելլա Մեհրաբեկյան