Էստոնիան հուսով է՝ ԵՄ-ում իր նախագահության ընթացքում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարար Սվեն Միկսերը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ նախարար Միկսերը նախագահին ներկայացրել է ԵՄ-ում Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի շուրջ: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերն ընդգծել է, որ Էստոնիան ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: