1920 թվականի հունիսի 19-ին, ՀՅԴ անդամներից 20-ամյա Արամ Երկանյանը, Թիֆլիսի կենտրոնում՝ Գոլովինսկայա փողոցի (այսօր՝ Ռուսթավելի պողոտա) վրա իրականացրեց վրիժառուական գործողություն՝ սպանելով Ադրբեջանի առաջին վարչապետ և արտգործնախարար Ֆաթալի Խան Խոյսկուն:
Գործողության ընթացքում սպանվեց նաև Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Խալիլ բեկ Խասմամեդովը: Ամիսներ առաջ՝ 1919թ. հոկտեմբերին, Թիֆլիսի Երևանյան (այսօր` Թավիսուփլեբա կամ Ազատության հրապարակում), Երկանյանը գնդակահարել էր Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, ապա գնդապետ Սարաֆովին: 1921թ. հուլիսի 18-ին, ՀՅԴ վրիժառուներից Միսաք Թոռլաքյանը Պոլսի կենտրոնում՝ Վերա նշանավոր հյուրանոցի մոտ, կրակոցներով սպանեց Ադրբեջանի նախկին ներքգործնախարար Բեհբութ խան Ջիվանշիրին:
Խան Խոյսկին և Ջիվանշիրը մեղադրվում էին 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի շուրջ 15 հազար հայ բնակչության կոտորածը կազմակերպելու մեջ: 1918-ի մայիսի վերջերին, երբ հռչակվեց Ադրբեջանի անկախությունը, նորաստեղծ պետության մայրաքաղաք էր դարձել Ելիզավետպոլը, որն անվանվեց Գյանջա: Այդ ժամանակ Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի և նրան աջակցող հայկական ուժերի իշխանության տակ:
Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, որոնք խորհրդայնացվեցին 1920-ի վերջին և 1921-ի սկզբին, Ադրբեջանը խորհրդային դարձավ 1920-ի ապրիլին: Ադրբեջանի առաջնորդները ապաստան գտան տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թիֆլիսում և Պոլսում:
1919թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Հայոց ցեղասպանության իրականացնողներ երիտթուրք ոճրագործներին և Բաքվի հայերի ջարդարարներին: ՀՅԴ պատմագիրներից, Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանը նկատում է, որ հասկանալի պատճառներով ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումների բրոշյուրը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու մասին որևէ հիշատակում չի թողել, սակայն Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թոռլաքյանի և Արշավիր Շիրակյանի հուշերը հստակորեն հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպված լինելու իրողությունը:
1918-1920 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ, Բաքվում գործում էր Հայաստանի, Երևանում՝ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանների մակարդակով: Հայաստանի համար կենսական անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են նավթն ու հացը, ստացվում էին նաև Ադրբեջանից: Պատահական չէ, որ 1918-ի ամռանը և աշնանը Պոլսում գտնվող հայկական պատվիրակությունը փորձում էր Էնվերի և Թալեաթի միջնորդությամբ նավթ և հաց ստանալ Ադրբեջանից: Այդ շրջանում Ադրբեջանը փաստացի ղեկավարվում էր երիտթուրքերի կողմից: Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճեր կային, ադրբեջանցի առաջնորդները, որպես ճնշման և հայերից զիջումներ կորզելու միջոց, հրաժարվում էին հաց և հատկապես նավթ վաճառել Հայաստանին:
1919 թվականի մարտին հրաժարական տվեց վարչապետ Ֆաթհալի Խան Խոյսկու կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ դարձավ Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, Խան Խոյսկին դարձավ արտգործնախարար: Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով), երկուսն էլ ներկայացնում էին ՀՅԴ-ն: Ադրբեջանի խորհրդարանում ազգային փոքրամասնություններից ամենից շատ պատգամավորներ ունեին հայերը, իսկ ՀՅԴ խմբակցությունը ամենամեծն էր իշխող «Մուսավաթ»-ից հետո:
1920-ական թվականներին Եվրոպայում հաստատված անկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախկին առաջնորդները երբեմն ներկա էին լինում այն միջոցառումներին, որոնք նվիրված էին լինում այդ հանրապետությունների անկախության՝ մայիսյան տոներին:
Իսկ Արամ Երկանյանը, ով 1920 թվականի այս օրը՝ հունիսի 19-ին, Թիֆլիսում կրակոցներով սպանեց Ֆաթալի Խան Խոյսկուն, իր մահկանացուն կնքեց 1934-ին՝ Արգենտինայում, 34 տարեկան հասակում: