Georgians Electing New Parliament

Ստորև կարող եք ծանոթանալ հարցազրույցի հայերեն տեքստին`

Սեպտեմբերի 24-ին ՍիվիլՆեթի գրասենյակում տեղի ունեցավ «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» կազմակերպած Social Good Summit-ը, որի նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում կապեր ստեղծել մարդկանց հետ, ինչը կնպաստի ինֆորմացիայի տարածմանն ու տարբեր հիմնախնդիրների լուծմանը:

Ընտրական օրենքները գրվել են ամենախոշոր կուսակցության օգտին

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի ներկա քաղաքական իրավիճակի և զարգացումների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության խորհրդի անդամ, Վրաստանի անգլալեզու TBLPOD ամենշաբաթյա ծրագրի խմբագիր, պրոդյուսեր և հաղորդավար Մարկ Մալենի հետ:

-Մարկ, ինչպիսի՞ տեսք ունեն կուսակցական ցուցակները, արդյոք պայքարը կուսակցությունների՞ միջև է, թե՞ անհատներն են առաջ տանում ընտրական գործընթացը:

-Երկուսն էլ: Ունենք երկու հիմնական կուսակցություն: Նախ՝ իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է Միխեիլ Սաակաշվիլին: Նախկինում բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ կային, որոնք առանձնապես արդյունավետ չէին, և իշխանությունները գոհ էին դրանց անկարողությունից, սակայն հանկարծ հայտնվում է մի միլիարդատեր, աշխարհի ամենահարուստների ցուցակում 154-րդ տեղը զբաղեցնող Բիձինա Իվանիշվիլին, որն ունի 6-7 մլրդ դոլար կարողություն, միավորում է ընդդիմությունը և, որ ամենակարևորն է, գլխավոր ընդդիմադիր կուսակցություններին՝ հանրապետականներին և ազատ դեմոկրատներին: Ես կարծում եմ՝ Իվանիշվիլիի ցուցակը հիմնված է նրա անձնական կապերի վրա՝ դերասաններ, մարզիկներ, մի շարք ազգայնական գործիչներ: Ազատ դեմոկրատներն ու հանրապետականներն այդ ցուցակում այդքան էլ աչքի չեն ընկնում, սակայն նույնը կասեի նաև նրա մեծամասնական թեկնածուների մասին: Նրանք առանձնապես տպավորիչ չեն, նրանցից ոմանք վատը չեն, սակայն այն չեն, ինչ կարող էին լինել: Կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ ընտրություններից հետո երկու ամենակարևոր կուսակցություններն իրենց խմբակցությունը կազմելուց հետո ամենայն հավանականությամբ յուրաքանչյուրն իր ուրույն ուղով կգնա: Իշխող կուսակցության ցուցակը, կարծում եմ, ավելի հավատարիմ ցուցակ է, երիտասարդ մարդկանց ընդգրկող կենտրոնամետ խումբ է:

-Մարդիկ, որոնք ներկայում իշխանության մե՞ջ են…

-Օրինակ՝ ներկայում խորհրդարանական իշխող խմբում նոր դեմքերը քիչ են, մեծամասնականները հին մեծամասնականներն են: Այնպես որ, կարծում եմ, լինելու է համամասնական քվե, որի դեպքում մարդիկ գնում և իրենց ձայնը տալիս են կուսակցությանը, և մեծամասնական, երբ մարդիկ ընտրում են անհատին: Իմ կարծիքով՝ կլինի ձայների պառակտում: Կարևոր է հիշել ընտրական օրենսգրքի մի քանի մանրամասն, քանի որ ընտրական օրենքները գրվել են ամենախոշոր՝ իշխող կուսակցությանը մեծապես աջակցելու համար: Օրինակ՝ մեծամասնականների համար նախատեսված շեմը 30% է, այնպես որ՝ յուրաքանչյուր մեծամասնական թեկնածու, որը կարող է հավաքել ձայների 30%-ը, կհաղթի, եթե նույնիսկ բոլոր մյուս թեկնածուները հավաքեն մինչև 70% ձայները: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, իշխող կուսակցությունը կկարողանա հաղթել գրեթե բոլոր մեծամասնականներին, և հենց դա է խնդիրը: Կարծում եմ՝ գալիք ընտրություններում գլխավոր հարցը լինելու է հետևյալը՝ արդյոք իշխող կուսակցությունը կստանա սահմանադրական մեծամասնությունը, և արդյոք Իվանիշվիլիի թիմը ստիպված կլինի հավաքել համամասնական քվեարկության կեսը և 12 մեծամասնական տեղ, որպեսզի ունենա 51 անդամ 150-հոգանոց խորհրդարանում:

-Հայաստանում խորհրդարանական վերջին ընտրությունների ընտրարշավի ժամանակ ոչ թե քաղաքական ծրագրերն էին շեշտադրվում, այլ ընտրություններն ազատ և արդար անցկացնելը: Ո՞րն է թիվ մեկ խնդիրը Վրաստանում:

-Դժվար է հստակ ասել՝ որն է թիվ մեկ խնդիրը. կան մի քանի ասպեկտներ: Առաջինը՝ քվեարկության որակն է. մարդիկ ցանկանում են իմանալ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ վստահության իրական մակարդակը, որքանով են դրանք ժողովրդականություն վայելում: Հիմնական հարցերից են տնտեսությունն ու գործազրկությունը, հարցեր, որոնցով մտահոգված է նաև կառավարությունը: Անցյալ գիշեր [սեպտեմբերի 18-ին – խմբ.] հրապարակվել են մի շարք տեսանյութեր, որոնցում բանտարկյալներին տանջանքների են ենթարկում: Այս առիթով Թբիլիսիում բողոքի մեծ ցույց է անցկացվել. մարդիկ զգում են, որ անվտանգ չեն պետության առջև: Այսպիսով՝ նախընտրական օրակարգի հարցերից է նաև մարդու իրավունքների խնդիրը:

-Տեղեկատվությունը գլխավորապես տարածվում է համացանցում, ինչպես օրինակ՝ այդ տեսանյութերը, և լրատվամիջոցներով, որոնք նախընտրական շրջանում օրենքով սահմանված կարգով հասանելի են բոլորին: Արդյո՞ք այդ բաց և առկա լրատվամիջոցներն իրականությունն արտացոլելու և դրան արձագանքելու այն միջոցներն են, որոնք պիտի լինեն իրականում:

-«9-րդ ալիքը», որը որոշ առումով վերահսկվում է Իվանիշվիլիի կողմից, նրա կուսակցության «բարձրախոսն է», սակայն իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներն այնքան անհետաքրքիր են, որ մարդիկ նախընտրում են դիտել կողմնակալ «9-րդ ալիքը»՝ այլընտրանքային տեսակետ լսելու համար:

-Փաստորեն նույնիսկ նախընտրական շրջանում իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցնե՞րն են անհետաքրքիր:

-Իսկապես անհետաքրքիր են: Մարդիկ այնքան են սովորել այդ «կարմիր ժապավեն կտրելուն», նրանք այլևս ոչ մի նոր բան չեն ստանում: Այստեղ մարդիկ շատ են հեռուստացույց դիտում, ծրագրեր, որոնք հյուրընկալում են իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնող անձանց, որոնք բղավում են միմյանց վրա: Քաղաքական նման լարված մթնոլորտում հեռուստատեսությունը մեծ պահանջարկ ունի, և մարդիկ սիրում են համեմատել տարբեր աղբյուրներ:

-Խոսենք նախընտրական շրջանում լրատվամիջոցների պարտադիր մատչելիության մասին: Արդյոք այն ուժի մեջ կմնա՞ նաև ընտրություններից հետո: Սա կարևոր հարց էր Հայաստանում. մեզ չի հաջողվել պահպանել լրատվամիջոցների այդ հասանելիությունը հետընտրական շրջանում: Ինչպիսի՞ շանսեր կան Վրաստանում:

-Չգիտեմ, որևէ հատուկ տեղեկատվություն չունեմ: Կարծում եմ՝ իշխանություններին մտահոգում է հետընտրական ցույցերի հավանականությունը: Իվանիշվիլին բազմաթիվ դիտորդներ է ներգրավել, առհասարակ, միջազգային դիտորդները շատ են լինելու:

-Վրաստանը հաճախ իրեն համարում է Ամերիկայի վստահելի գործընկերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի մրցակցությունում: Արդյոք այդ ամենը ինչ-որ անդրադարձ ունի՞ այս ընտրությունների վրա, արդյոք նրանք այս ընտրությունները տեսնո՞ւմ են որպես մրցակցություն Ամերիկայի և Ռուսաստանի միջև:

-Ես համոզված չեմ, որ Վրաստանը իրեն այդ դերում է տեսնում: Ինձ թվում է, որ Վրաստանը չի պատկերացնում, թե ինչքան անկախ է հիմա: Դե պարզ է, որ այդպես է, քանի որ Վրաստանը հետխորհրդային փոքր երկիր է: Հաճախ ծերերից կարող ես լսել. «Դե պարզ է՝ որոշումներն արդեն վերևներում՝ Վաշինգտոնում կամ Մոսկվայում կայացվել են»:

-Ծանոթ իրավիճակ է:

-Այսպիսի բաներ չես լսի երիտասարդներից: Ինձ թվում է՝ հենց Վրաստանը, հենց վրացիները պետք է որոշեն՝ ում են ուզում տեսնել որպես ղեկավար: Մի շաբաթ առաջ պետքարտուղարի տեղակալը հայտարարեց, որ ինչ էլ որոշեն վրացիները, ԱՄՆ-ը պետք է ընդունի դա: Ինձ թվում է՝ իրականում Ռուսաստանն է փորձում Վրաստանին ներկայացնել որպես Ամերիկայի վստահելի ներկայացուցիչ: Պարզապես Վրաստանը, ընդհանուր հայացք գցելով, հասկանում է, որ Արևմուտքը ավելի վստահելի գործընկեր է:

Սալբի Ղազարյան