Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնացը հնարավոր է՝ մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը փոխանցում է թուրքական NTV.com կայքը։
Չավուշօղլուի խոսքով՝ ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանը։
Հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի»։
Հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։