Անի Գրիգորյան
#CivilNetCheck
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքը՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին։
Մասնավորապես, «5-րդ ալիքի» մարտի 31-ի լուրերի հաղորդման ժամանակ հաղորդավարը հայտնում է, թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հնարավոր է, կրկին Թուրքիա մեկնի։
«Հայաստանի արտգործնախարարի թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ցանկանում է եռակողմ հանդիպում կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ»,- հայտնում է հաղորդավարը։
Մինչդեռ Մևլութ Չավուշօղլուն նման հայտարարություն չի արել։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ուսումնասիրեց Թուրքիայի արտգործնախարարի խոսքը (51-րդ րոպեից) և պարզեց, որ դրանում որևէ խոսք չկա նոր հանդիպման մասին։
Չավուշօղլուն Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպում կազմակերպելու մասին խոսել է A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի (2022, մարտի 11-13) ժամանակ, որին մասնակցում էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ցանկություն ուներ եռակողմ հանդիպում կազմակերպել, սակայն չի ստացվել։ Դիվանագետը չի խոսել նոր հանդիպման մասին։
«Հայասատնի ԱԳՆ ղեկավարը Անթալիա էր ժամանել: Ես ցանկանում էի, որ եռակողմ հանդիպում կայանար (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև – խմբ․), սակայն Անթալիայում դա հնարավոր չեղավ»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելին, Auroranews.am, Aysor.am կայքերն էլ Չավուշօղլուի վերոնշյալ խոսքերին ավելացրել են երկու նախադասություն, որոնք Թուրքիայի արտգործնախարարը նույնպես չի ասել։
«Մենք ցանկանում էինք այս հանդիպումը կազմակերպել մարտին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում: Չստացվեց։ Բայց առաջարկը բաց է, և Բաքուն դեմ չէ այս հանդիպմանը», – գրել են երկու կայքերը։
Մինչդեռ Չավուշօղլուն չի հայտարարել առաջարկի բաց լինելու մասին։ Նա շարունակել է, որ գործընթացը նոր է սկսվում, շուտով Բրյուսելում հանդիպելու են Ալիևն ու Փաշինյանը:
Կայքերը Չավուշօղլուի աղավաղված խոսքը, ամենայն հավանականությամբ, վերցրել են ռուսական լրատվականներից՝ regnum.ru, news.ru, որոնք սխալ են ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարի խոսքը։