Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Դժվարին իրավիճակում հայտնված վրացական հանքային ջրեր արտադրող «Բորժոմի» ընկերության սեփականատերերը ընկերության բաժնետոմսերի մի մասն անվճար կփոխանցեն կառավարությանը, հայտարարել է ընկերությունը։
Հինգշաբթի Բորժոմին OC Media-ին ասել է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո «Բորժոմիի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր ընկերությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել բաժնետոմսերը փոխանցելու վերաբերյալ:
Ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանը, որն Արևմուտքի պատժամիջոցների հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով, «Բորժոմիի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերն է: Ապրիլի 29-ին «Բորժոմին» անորոշ ժամանակով դադարեցրել էր արտադրությունը՝ պատճառաբանելով պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները, ներառյալ բանկային ծառայությունների անհասանելիությունը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան «Բորժոմիի» արտահանման հիմնական շուկաներն են:
«Այս քայլը Վրաստանի կառավարությանը թույլ կտա մասնակցել միջազգային ընկերության կառավարմանը»,- հինգշաբթի հայտարարել է ընկերությունը։
«Վրաստանի կառավարության կողմից առաջարկի հաստատմամբ հնարավոր կլինի վերականգնել արտադրական գործընթացը «Բորժոմիի» գործարաններում և վերսկսել տնտեսական գործունեությունը»։
Ընկերությունը չի հստակեցրել, թե քանի բաժնետոմս կփոխանցվի կառավարությանը։ «Բորժոմին» տեղական խոշոր գործատու է․ ընկերությունը նշում է, որ ավելի քան 1 000 մարդ կարող է կորցնել աշխատանքը, եթե արտադրությունը չվերականգնվի:
Կառավարությունը դեռ չի հայտնել բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, ընկերության՝ արտադրությունը դադարեցնելու հաջորդ օրը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ կառավարությունը «շատ շուտով» «լավ նորություններ» կհայտնի «Բորժոմիի»մասին։
Մայիսի 5-ին «Բորժոմին» աշխատանքից ազատել էր 49 աշխատակցի, որոնք, ըստ ընկերության, մերժել էին աշխատավարձը կիսով չափ կրճատելու իրենց առաջարկը, քանի դեռ երկու գործարաններում արտադրությունը կանգ է առած:
Տե՛ս նաև՝