Site icon CIVILNET

Պուտինի (չ)այցից՝ Թեհլերյանի արձանի (չ)ապամոնտաժում. չիրականացած պնդումների հետքերով

Սողոմոն Թեհլերյանի արձանը՝ Մարալիկում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հունիսի 5-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե իր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է «Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները»։

Քաղաքական գործիչները և լրատվամիջոցները հաճախ են հանդես գալիս ապագային վերաբերող տարատեսակ պնդումներով, կանխատեսումներով և խոստումներով։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, հերթական անգամ ներկայացնում է հայկական լրատվամիջոցների և քաղաքական գործիչների այն պնդումներն ու կանխատեսումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։

Ընդդիմության՝ վարչապետին վերաբերող կանխատեսումները

Փաշինյանի՝ Ֆրանսիայի հրապարակը «մաքրելու» մասին պնդում մայիսի 31-ին արել էր նաև «Փաստ» օրաթերթը. «Նա մտադիր է մինչև հունիսի 3-ն «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները՝ ինչ գնով էլ լինի»։

Այս հայտարարությանը հաջորդած օրերին Երևան ժամանեցին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն ոստիկանությունը ոչ միայն չհավաքեց ընդդիմության վրանները, այլև չխոչընդոտեց հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքը։

Ընդդիմությունը հունիսի 14-ին ինքնակամ դադարեցրեց վրանային պայքարը և ազատեց Ֆրանսիայի հրապարակը։

Նախագահ Պուտինը Հայաստան չայցելեց, իսկ նախարար Խանումյանը պաշտոնից չազատվեց

«Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 20-ին գրել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին կժամանի Հայաստան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստին մասնակցելու համար։

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը կայացավ Երևանում հունիսի 6-ին՝ ինչպես միշտ, անդամ-երկրների խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ։ ՌԴ նախագահ Պուտինը, օրաթերթի պնդումներին հակառակ, այդպես էլ չեկավ։

Նկատենք, որ 2022-ի ապրիլին ՌԴ նախագահ Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում ընդունել էր վարչապետ Փաշինյանի՝ Երևան այցելելու հրավերը, որը նախատեսված է 2022թ. երկրորդ կեսին։

ՌԴ նախագահի ժամանումը Երևան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար, 2019թ․

Հայկական լրատվամիջոցներում մայիսի 6-ին «Հայկ Խանումյանն ազատվելու է նախարարի պաշտոնից» վերնագրով հրապարակումներ եղան։ Տեղեկության աղբյուրը «Հրապարակ» օրաթերթն էր։

Նշվում էր, թե Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ազատվելու է նախարարի պաշտոնից և նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար։

Չնայած հրապարակումներում ժամկետներ նշված չէին, սակայն ավելի քան մեկ ամիս անց նախարարի հեռացման կամ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելու մասին տեղեկություններ չկան։ Վերջինս շարունակում է պաշտոնավարել։

Ավելի քան կես տարի անց պատվաստանյութի արտահանման մասին տեղեկություն չկա

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021-ի դեկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, թե շուտով Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանումը հնարավոր կդառնա։

Նախարարը հայտնել էր, թե պատվաստանյութի արտադրության ծավալները մեծ են հայկական շուկայի համար, և այդ պատճառով բանակցություններ են գնում այն արտահանելու շուրջ։

«Հիմա արդեն մի շարք մերձավորարևելյան երկրների հետ գնում են բանակցություններ, նաև քննարկվում են որոշ աֆրիկյան երկրներ։ Այս ամեն ինչը [պատվաստանյութի արտահանումը – խմբ.] ռուսական գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, վստահ ենք, որ շուտով հնարավոր կդառնա»,- ասել էր նախարարը։

Լուսանկարը՝ առողջապահության նախարարության կայքից

Ավելի վաղ՝ 2021-ի սեպտեմբերին, Էկոնոմիկայի նախարարությունը և հայկակական «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էին պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրության մասին։

Ավելի քան կես տարի անց Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման մասին տեղեկություններ չկան։ էկոնոմիկայի նախարարությունից #CivilnetCheck-ին հայտնեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել պատվաստանյութի արտահանման կամ Հայաստանում դրա կիրառման հարցը։

Կանխատեսվող պատերազմը չսկսվեց, Սողոմոն Թեհլերյանի արձանը չապամոնտաժվեց, իսկ նախկին նախագահը դեռ չկա

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մարտի 21-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե 50 տոկոս հավանականությամբ օրերը տաքանալուն պես՝ ապրիլ-մայիս ամիսներին, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ 2022-ի հունվարի 18-ին «ահազանգել էր», թե առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Պատգամավորը հայտնել էր, թե անգամ պատրաստ է «գրազ գալ»։ Հաջորդ օրը նույնանման «ահազանգ» արել էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ պահանջելով իշխանություններից հերքել ապամոնտաժման մասին տեղեկությունը։

Նշված ժամկետները վաղուց անցել են, սակայն Սողոմոն Թեհլերյանի արձանը շարունակում է կանգուն մնալ, իսկ Ադրբեջանն այդպես էլ չհարձակվեց։

Նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին իր հրաժարականի մասին հայտնել էր արտերկրից։ Երկու օր անց նախագահական մամուլի ծառությունը նրա հրաժարականը արտերկրից հայտնելը պատճառաբանել էր վերջինիս՝ արտերկրում բժշկական հետազոտություն ստանալու անհրաժեշտությամբ։

Նշվում էր, թե բուժզննումն ավարտելուց հետո Սարգսյանը կվերադառնա Հայաստան։ Ավելի քան կես տարի է անցել, սակայն նախկին նախագահը այդպես էլ Հայաստան չի վերադարձել։

Exit mobile version