Site icon CIVILNET

Լաստանավերը «կանցնեն» Վերին Լարսով․ ծովը փակ է

Նկարի աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ավելի քան երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը փորձում է Վրաստանի Փոթիի և Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխարդրումներ կազմակերպել, որը պետք է այլընտրանք դառնա մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին։

Լաստանավեր ձեռք բերելու կառավարության մտադրության մասին առաջին անգամ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովում հայտարարել էր տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։

#CivilNetCheck-ը ներկայացնում է լաստանավային անցման գործարկման վերաբերյալ կառավարության երեք տարվա ընթացքում հնչեցված խոստումների քրոնիկոնը։

Գործարկման անվերջ վերջժնամակետներ

Լաստանավեր գնելու մտադրության մասին կառավարության 2019-ի հայտարարությունից շուրջ մեկուկես տարվա ընթացքում որևէ առաջընթաց չգրանցվեց։ Լռությունը 2021-ի օգոստոսին խախտեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը փորձելու է լաստանավային ուղին գործարկել մինչև 2021-ի տարեվերջ։ Ավելի ուշ, նախարարը հայտնեց, որ լաստանավային փոխադրումը կսկսի գործել նոյեմբերից։

Սակայն ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ 2021-ի տարեվերջին լաստանավային անցումը չգործարկվեց։

2022-ի մարտին կառավարությունը որոշում ընդունեց պետբյուջեից սուբսիդավորել կանոնավոր լաստանավային բեռնափոխադրման տնտեսվարողների ծախսերը։ Նախարար Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունը հրաժարվել է լաստանավ գնելու նախնական մտադրությունից։

Արդեն մայիսին Վահան Քերոբյանը կառավարության նիստին ազդարարեց, որ 2022-ի հունիսի 15-ից կմեկնարկի լաստանավային հաղորդակցությունը, ինչը վերահաստատեց նաև հունիսին 6-ին։

Հունիսին 15-ն անցավ, սակայն լաստանավային ուղին կրկին չգործարկվեց։ Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ լաստանավի գործարկումն ընդամենը օրերի հարց է։

«Հիմա վերջնական աշխատանքներն են տարվում, շուտով կհարապարկվի չվացուցակը։ Կարծում եմ՝ դա օրերի հարց է»,- ասաց Քերոբյանը։

Սակայն 2022-ը նախորդ տարվա պես անցավ առանց խոստացված լաստանավային հաղորդակցության։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ժամկետների ձգձգումը պայմանավորված է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով։

Պատասխանից պարզ է դառնում, «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը ընտրվել է որպես լաստանավային փոխադրումներ կատարող օպերատոր՝ ռուսական է, իսկ Վրաստանի Փոթիի նավահանգիստի օպերատոր APM ընկերությունը հոլադնական է, որը ռուսական նավերի մուտքը նավահանգիստ չի թույլատրում։

Հատկանշական է, որ նախորդ տարվա հունիսին նախարար Քերոբյանը հայտնել էր, որ եթե հոլանդական ընկերությունը թույլտվություն չտրամադրի, կառավարությունը պլան Բ ունի, ըստ որի՝ լաստանավը կգործարկվի Բաթումի նավահանգստից, ինչը սակայն ևս տեղի չի ունեցել։

Այսպիսով, չնայած կառավարության հավաստիացումներին և վերջնաժամկետներին՝ մինչ օրս լաստնավային անցումը չի գործարկվել, իսկ հայաստանյան տնտեսվարողների բեռնատարները շարունակում են շաբաթներով սպասել Վերին Լարսում։

Exit mobile version