Site icon CIVILNET

Իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի․ Տեր-Պետրոսյանը՝ որդեկորույս մոր կալանավորման մասին

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի որդեկորույս մոր կալանավորման դեպքին՝ այն որակելով մեծ խայտառակություն։

Առաջին նախագահի ֆեյսուքյան էջում «Մտահոգիչ իրավիճակ» խորագրի ներքո Տեր-Պետրոսյանը գրել է․

«Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում: Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը շաբաթ օրը մեկ ամսով կալանավորվել է։Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հաղորդել էր, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին՝ իր տան մերձակայքից:

Exit mobile version