Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծը ներկայացրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Վարժական հավաքներին կմասնակցի մինչև 5 151 քաղաքացի, որոնցից 4 647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար նույն ժամանակահատվածում ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))։