Հաղթանակից հետո իր առաջին ելույթում Օբաման հայտարարել է, թե մտադիր է ԱՄՆ-ը ազատել օտարերկրյա նավթի մատակարարումներից ունեցած կախվածությունից: Սակայն նրա մակրոտնտեսական հիմնական օրակարգը բյուջետային ծախսերի պահպանումը կլինի, որոնք պետք է խթանեն տնտեսական աճը։ Ի տարբերություն Ռոմնիի՝ Օբաման դեմ է բյուջետային ծախսերի կրճատմանը, քանի դեռ տնտեսությունը լիովին չի վերականգնվել, և չի նվազել գործազրկության բավական բարձր մակարդակը:
Գործազրկությունը վերընտրված նախագահի թերևս հիմնական տնտեսական մարտահրավերն է։ Օմաբան մտադիր է խնդիրը լուծել՝ խթանելով աճը արտադրության տարբեր ճյուղերում։ Նա առաջիկա չորս տարում արտադրության ոլորտում աճ և լրացուցիչ 1 մլն աշխատատեղ է խոստացել:
Արտադրությունը խթանելու համար երկրում կրճատվելու է կորպորատիվ հարկադրույքը, որը ներկայում 35% է. տեղացի արտադրողների համար այն կնվազի մեկ քառորդով՝ մինչև 26,25%: Բացի այդ՝ հարկային արտոնություններ կսահմանվեն այն ձեռնարկությունների համար, որոնք վարձում են նոր աշխատակիցներ կամ բարձրացնում նրանց աշխատավարձը:
Օբաման խոստացել է շարունակել $250 հազ-ից մինչև $1 մլն եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների համար հարկադրույքների կրճատման գործընթացը, որը սկսվել է դեռևս Բուշ Կրտսերի պաշտոնավարման ժամանակ: $1 մլն-ը գերազանցող եկամուտներ ունեցողների համար հարկադրույքը կկազմի 30%:
Խոստումներից ամենակարևորը թերևս Իրաքից և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման արդյունքում խնայվող գումարները ճանապարհների, կամուրջների, օդանավակայանների և այլ ենթակառուցվածքների շինարարությանն ուղղելն է։ Միջոցները կարող են ուղղվել նաև բյուջեի դեֆիցիտի կրճատմանը։
Խնդրահարույց է նաև անշարժ գույքի ոլորտը, որի վերականգնումը, չնայած գործադրվող ջանքերին, բավական ցածր տեմպով է ընթանում: Օբաման մտադիր է աջակցել առավել թույլ վարկառուներին՝ նրանց ցածր տոկոսադրույքներով վերաֆինանսավորման հնարավորություն առաջարկելով։
Արտաքին տնտեսական քաղաքականության հարցերում Օբաման խոստացել է նոր սկզբունքներ կիրառել, որոնք կդադարեցնեն «առևտրային պատերազմները» Չինաստանի հետ։ Ծրագրի մշակումը կավարտվի մինչ 2016թ.։