Արցախյան «բարեփոխումներ». չարիքներից փոքրագույնը

Իդեալական տարբերակը սահմանադրական փոփոխություններից հրաժարվելն է և 2017-ին հերթական նախագահական ընտրություններ անցկացնելը։

Տեսլակա՞ն, թե՞ կոնյունկտուրա

Սահմանադրության փոփոխումն Արցախում, իմ խորին համոզմամբ, հեռավոր իսկ առնչություն չունի հանրային օրակարգի հետ․ դա արհեստական կամ կեղծ օրակարգ է։ Արցախցիների հազարումի դարդն այսօր սահմանադրությունը չէ։ Հեղուկ գազի գինն Արցախում գրեթե կրկնակի թանկ է ՀՀ-ի հետ համեմատ։ Հեռահաղորդակցության միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դրակոնյան կանոններ ու սակագներ է դրել, իսկ երկրորդ օպերատորի մուտքն էլ հետևողականորեն կասեցվում է, ու դժվար չէ կռահել այս իրավիճակի շահառուներին։ Մենաշնորհներն առկա են նաև մյուս ոլորտներում։ Պետական պաշտոնյաները զբաղվում են ապօրինի բիզնեսով։ Կոռուպցիան և պետական միջոցների փոշիացումը մեծ ծավալների են հասել։ Մարդու հիմնարար իրավունքների հարցում լրջագույն խնդիրներ կան։ Սոցիալական անարդարությունը քայքայում է պետականության հիմքերը։ Որպես այս ամենի հետևանք՝ արտագաղթ, որը ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է այսօր ։

Հիմա այս բոլոր հարցերի լուծման բանալին սահմանադրության փոփոխությու՞նն է։ Որևիցե մեկը կարո՞ղ է հոդաբաշխ ձևով բացատրել, թե ներկայիս սահմանադրությունն ինչով է խանգարում նշյալ հարցերի լուծմանը։

Պարզից էլ պարզ է, որ սահմանադրական փոփոխությունները ոչ թե գաղափարախոսություն, հայեցակարգ կամ տեսլական են իրենցից ներկայացնում, այլ ամենասովորական քաղաքական նպատակահարմարություն, կոնյունկտուրա և քաղաքական հաշվարկ։ Դեռևս մի տարի առաջ այս մարդիկ խոսում էին խորհրդարանական մոդելի առավելությունների մասին, իսկ հիմա մտափոխվել են և ընդունելի են համարում միայնումիայն նախագահական-սուպերնախագահական մոդելը։ Ամենևին էլ չեմ զարմանա, եթե նույն մարդիկ վաղը նորից հիշեն խորհրդարանական մոդելի առավելությունների մասին, ինչը կնշանակի, որ կոնյունկտուրան նորից է փոխվել։ Դե, նման գեշ սովորություն ունի այդ կոնյունկտուրան՝ փոխվել ու անհարմար վիճակի մեջ գցել պատեհապաշտ քաղաքական գործիչներին։

Սահմանադրական փոփոխությունները բացարձակապես ոչ մի կապ չունեն երկրի առաջ ծառացած մարտահրավերների ու ժողովրդի դարդուցավի հետ և հանրային օրակարգ չեն։ Ուրեմն՝ ու՞մ օրակարգն է սա։

Իշխանության դրվագային վերարտադրություն

Ոչ իշխանական ու ընդդիմադիր-այլախոհ շրջանակներում ամենատարածված կարծիքն այն է, որ իշխանության վերարտադրության հարց է լուծվում։ Սա հիմնականում ճիշտ է, բայց կա մի նրբերանգ՝ իշխանությունը կարող է վերարտադրվել նաև սովորական ընթացակարգով, և դրան խանգարող լուրջ գործոն չկա Արցախում։ 2007-ից ի վեր Արցախում միաբևեռ հասարակություն է. ներկայիս միակ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր միակ պատգամավորով բավարար ռեսուրսներ չունի մրցակցելու իշխանությունների հետ։

Սա նշանակում է, որ ոչ թե ամբողջությամբ վերցրած իշխանության վերարտադրության խնդիր կա, այլ իշխանական կոնկրետ շրջանակի-խմբի-անձի վերարտադրման նպատակ։ Գործող նախագահ Բակո Սահակյանն արդեն երկու անգամ ընտրվել է, և գործող Սահմանադրությամբ չի կարող երրորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը։ Սահակյանի լիազորությունները կդադարեցվեն 2017-ին, մինչդեռ ԱԺ-ի հաջորդ ընտրությունները նախատեսված են միայն 2020-ին։ Գործող նախագահն ամենայն հավանականությամբ կշարունակի պաշտոնավարել մինչև 2020-ը, որը կհամարվի անցումային շրջան և չի հաշվարկվի որպես լիարժեք նախագահական ժամկետ։ Ովքեր ասում են, թե դա իրականությանը չի համապատասխանում, ապա պիտի ինչ-որ ձևով փորձեն բացատրել, թե այդ դեպքում անցումային շրջանն ինչի համար է ընդհանրապես։ Եթե գործող նախագահը չի լինելու, ապա նոր մարդն անցումային շրջանի կարիքն ընդհանրապես չունի և կնախընտրի լիարժեք նախագահական ժամկետը։

Արցախյան պետական-կառավարման համակարգում կան առաջադեմ ու հայրենասեր մարդիկ, ովքեր մտահոգված են այս անցումային շրջանով և հասկանում են, որ դա լուրջ հարված է լինելու երկրի իմիջին։ Բայց այս և նմանատիպ հարցերի մասին հրապարակավ բարձրաձայնելն ընդունված չէ Ստեփանակերտում։ Շատ ավելի հավանական է, որ փորձ արվի ներիշխանական կուլիսներում նորից քննարկել հարցը։ Այսպես թե այնպես՝ մի բան պիտի արվի, քանի որ եթե փոխվեց վերաբերմունքը հայկական երկրորդ պետականության նկատմամբ միջազգային ասպարեզում, սա լինելու է ամենամեծ վտանգը՝ ցանկացած ժամանակակից զենքից առավել: Իսկ նշյալ սցենարով անցումային շրջանը և փաստացի երրորդ՝ ապօրինի ժամկետը հենց այդ մարտահրավերն են լինելու Արցախի անվտանգության համար։

Իրավիճակն ուշագրավ է նաև նրանով, որ Բակո Սահակյանն էլ, կոպիտ ասած, պաշտոնին մեռած մարդ չէ և դժվար թե էն գլխից երազեր երրորդ ժամկետի մասին։ Չի բացառվում, որ նրան առաջարկել են այդ «անցումային» գաղափարը։ Հանուն ներքաղաքական կայունության։ Բայց սա ուրիշ անուն ունի՝ փոփոխությունների հանդեպ վախ։ Լճացման կամ ճահճի նախընտրում։

Իրավիճակը մի նրբերանգ էլ ունի՝ չի բացառվում, որ նման առաջարկ եղել է ոչ միայն և ոչ այնքան Ստեփանակերտից, որքան Երևանից։ Սա որքան «պատվավոր», նույնքան էլ, մեղմ ասած, պարտավորեցնող է։ Այնպես որ, Բակո Սահակյանի համար իրո՛ք դժվար է։ Բայց մի հանգամանք նրան պետք է որ ավելի խոցի՝ այս սցենարով դեպքերի զարգացման պարագայում կստացվի, որ համազգային միասնության գաղափարով իշխանության եկած ու քաղաքական թիմ ձևավորած մարդը ոչ ոքի չի վստահում սեփական թիմում, որ այդ թիմն իրենից ոչ թե համազգային պատկերասրահ է ներկայացնում, այլ համազգային գազոն։

Ապրիլյան քառօրյակին առնչելը հիմնազուրկ է

Ասում են՝ ապրիլյան քառօրյա պատերազմը շտկումներ մտցրեց սահմանադրական փոփոխությունների գործընթանցում։ Սա առնվազն լուրջ չէ։ Թե՛ նախաապրիլյան անմխիթար վիճակը բանակում և հատկացված միջոցների, մեղմ ասած, փոշիացումը և թե՛ հետապրիլյան աննախադեպ տեմպերով անվտանգության միջոցների ձեռնարկման արդյունավետությունը հնարավոր են եղել նույն համակարգի, կառավարման նույն մոդելի պայմաններում։ Ուրեմն՝ շան գլուխն ուրիշ տեղ է թաքնված, չէ՞։

Ընդհանրապես, անվտանգության խնդիրը հատկապես այս պարագայում շահարկելն անազնիվ է։ Անվտանգության ոչ միայն սպառողը, այլև ստեղծողն ու կրողը մարդն է՝ իր հողում ազատ, արժանապատիվ, բարեկեցիկ և ապահով կյանքով ապրող մարդը։ Թեթևացրեք նրա բեռը, հանեք կաշկանդող կապանքները, մի կոխկրտեք նրա իրավունքները, վերակենդանացրեք նրա հույսնուհավատը։ Եվ կունենաք անվտանգ երկիր։

Ղարաբաղյան կարգավորումն էլ կապ չունի

Կարծիք կա, որ սահմանադրական փոփոխությունները կապված են նաև ղարաբաղյան կարգավորման, դրանում առկա միտումների և հետագայում առավել բարենպաստ ու հարմարավետ պայմաններ ստեղծելուն։ Մինչդեռ սա ոչ մի առնչություն չունի իրականության հետ։ Ղարաբաղյան կողմն այսօր բանակցային գործընթացին չի մասնակցում։ Երբ խորանում ես դրա պատճառներում՝ հասկանում ես, որ կառավարման մոդելը սրա հետ նույնքան կապ ունի, որքան կրթության նոր՝ 12-ամյա համակարգը։ Համենայն դեպս՝ եթե, օրինակ, ինձ առաջարկեն թվարկել մեր չմասնակցության իրական պատճառները, ապա կառավարման մոդելը ոչ միայն պատճառների առաջին եռյակում, այլև առաջին տասնյակում չի հայտնվի։ Այնպես որ, պետք չէ խորամանկել։

Գաղափարական հոդաբաշխության կարիք

Արցախում հիմա իշխանության ղեկին այն քաղաքական թիմն է, որը ժամանակին ասում էր՝ քանի դեռ Հայաստանում ՀՀՇ-ն է՝ Արցախում էլ պիտի ՀՀՇ-ն լինի։ Այն թիմը, որը տարիներ ու տասնամյակներ շարունակ տարփողել է, թե երկու հայկական պետականությունները գտնվում են նույն դատաիրավական, հասարակական-քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ հարթություններում և որ հենց դրանում է մեր զորության գրավականը։ Ուրեմն՝ թող ձեզնից մեկը հոդաբաշխ ձևով բացատրի, թե ինչ է փոխվել վերջին… ժամերին։

Մարտահրավերաց մարտահրավերը

Չի կարող ապագա ունենալ մի երկիր, որն ունի ահավոր մարտահրավերներ թե դրսից և թե ներսից ու որի ներսի մարտահրավերներն ավելի ահագնացող են։ Հիմա մենք այդ վիճակում ենք հայտնվել, և այդ վիճակի գլխավոր, իսկ գուցե և միակ մեղավորը մենք ինքներս ենք։

Արցախում իշխանությունը կամ նրա առանձին դրվագներն ԱՅՍՕՐ վերարտադրվելու են բոլոր դեպքերում էլ։ Պարզապես կա երկու ճանապարհ՝ վերարտադրվել՝ երկրին պատճառելով նվազագույն վնաս և վերարտադրվել՝ երկրին պատճառելով առավելագույն վնաս։ Պետք է ընտություն կատարենք վատի ու վատագույնի միջև։ Արցախյան քաղաքական իսթեբլիշմենտն այսօր վատագույնի ճանապարհին է։

Բայց դեռ ուշ չէ։

Կա՛ «փոխզիջումային» ճանապարհ

Իդեալական տարբերակը սահմանադրական փոփոխություններից հրաժարվելն է և 2017-ին հերթական նախագահական ընտրություններ անցկացնելը։

Մյուս տարբերակը հետևյալն է՝ եթե սահմանադրական փոփոխությունների գործընթացի թափանիվն արդեն այնպես է պտտվում, որ կանգնեցնել հնարավոր չէ, ապա առաջարկում եմ 2017-ին լուծարել խորհրդարանը և միաժամանակ անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, այսինքն՝ այն, ինչ արցախյան իշխանությունն ուզում է անել 2020-ին։ Կխնայենք երեք տարի, կխնայենք միջոցներ, որ կարելի կլինի ուղղել մեր անվտանգությանը և ամենակարևորը՝ կկանխենք մեր իսկ ծանր հարվածը մեր իսկ թիկունքին, արհամարհանքի չարժանանալով միջազգային հանրության կողմից և մեզ ապահովագրելով անհարկի համեմատություններից։ Խորհրդարանի լուծարումն էլ քաղաքական փոփոխությունների, ժողովրդավարական գործընթացների գոնե պատրանք կստեղծի և գոնե կպահպանի երկրի փոքրիշատե տանելի իմիջը։

Խնդիր չկա՝ վերարտադրվե՛ք, բայց գոնե մասնակի թարմացված պատկերասրահով կամ էլ մասնակի փոխատեղումներով։ Ամենաստատիկ ու անշարժ վիճակը գերեզմանատներում է լինում, բայց նույնիսկ այնտեղ են փոփոխություններ լինում ու նոր դեմքեր հայտնվում։

Մեկնաբանել