Օդային պատահար ՌԴ-ում․ զոհերից չորսը հայ են

1664492Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած օդային պատահարի արդյուքում զոհվել է ութ ուղևոր, որոնցից 4-ը՝ ազգությամբ հայ։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին, ժամը 20:18-ին մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռի (RA-67523 բորտային համարանիշով) և Robinson-44 մասնավոր ուղղաթիռի բախումից։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրված տվյալների համաձայն պարզ է դարձել զոհվածների ինքությունը։ Նրանք են՝ 1987 թ-ին ծնված Մանուկյան Պարույր Նորիկի, 1992-ին ծնված Մանուկյան Լարիսա Վրեժի, տասնամյա Օֆելյա և ութամյա Էրիկ Գլչյանները։ ՌԴ Արտաքին իրավիճակների նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունների հաղորդմամբ՝ զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ:

Ռուսական «Պոդմոսկովյե 360» հեռուստաալիքին տրված հարցազրույցում «Ֆրի ֆլայ թիմ» պառապլանի ակումբի հրահանգիչ Սերգեյ Պլեխանովը կարծիք է հայտնել, որ վթարը տեղի է ունեցել հիդրոինքնաթիռի օդաչուի պատճառով։ Նշված ակումբը պարապլանային փորձնական թռիչքներ կատարելիս է եղել Իստրինսկի ջրամբարի շրջակայքում։ Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցել էր, որ Cessna տիպի ինքնաթիռն օդ է բարձրացել չտեղեկացնելով դիսպետչերական ծառայություններին։ Այլ վկաների հաղորդմամբ՝ ինքնաթիռը մի քանի անգամ փորձել է թռիչք իրականացնել։ Մի քանի փորձից հետո այն օդ է բարձրացել և մի պտույտ կատարելուց հետո սրընթաց ընկել ջուրը։

Վթարի հետաքքնությամբ զբաղվող Միջպետական ավիացիոն կոմիտեն հարուցել է քրեական գործ «օդային տրանսպորտի շարժի անվտանգության կանոնների խախտման, անուշադրությամբ երկու և ավելի անձանց մահի պատճառ հանդիսանալու» հոդվածով։

Պարզ է նաև դարձել Robinson-44 մասնավոր ուղղաթիռը կառավարել է դրա սեփականտեր, մոտոպառապլանային սպորտի աշխարհի չեմպիոն Վադիմ Բուխտիյարովը։ Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռը նույնպես կառավարել է դրա սեփականատերը, որի ինքնությունը դեռ անհայտ է։

Մեկնաբանել