Տարոն Մարգարյանը «արմատական փոփոխություններ» է խոստանում տրանսպորտի ոլորտում

Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան հասարակական տրանսպորտ․ Երևանի ավագանու հոկտեմբերի 26-ի նիստում հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա հավաստիացրել է, որ փոփոխությունները սակագնի վրա որևէ ազդեցություն չեն ունենա:

«Մենք տարբեր միջազգային կառույցների հետ համագործակցում ենք, և մեր հիմնական նպատակը ոչ միայն եվրոպական չափանիշներին համապատասխան տրանսպորտ ունենալն է, այլև այն, որ լրացուցիչ սոցիալական բեռ չավելացնենք մեր քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Նա նշել է, որ նպատակ ունեն խոշոր քաղաքների փորձը բերել Երևան: Խորհրդատուի հետ աշխատանքներն ավարտելուց հետո միջազգային բանկերի հետ բանակցային աշխատանքներ կսկսվեն՝ ֆինանսավորման խնդիրը լուծելու համար։

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ արդեն ունեն որոշ արդյունքներ, սակայն դեռ ժամանակ է անհրաժեշտ վերջնական հայտարարության համար: Նա հավաստիացրել է՝ փոփոխությունները արմատական են լինելու։

«Մեր նպատակն է, որ Երևան քաղաքում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուսի, մետրոյի, էլեկտրոտանսպորտի, և լինի մեկ օպերատոր: Այսօր մենք ունենք 65 օպերատոր: Մենք 65 օպերատրով ոչ մի արդյունքի չենք հասնի, մեր ժողովրդի ասած՝ 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, գծատիրոջ առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, և Երևան համայնքը ևս ունենա բաժնեմասը»,- ասել է քաղաքապետը:

«Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը առավոտյան և երեկոյան տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար առաջարկել է, որ քաղաքապետարանը պայմանագիր կնքի մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միկրոավտոբուս ունեցող անհատների կամ զբոսաշրջային կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք այդ ժամերին իրականացնեն ուղևորափոխադրում։ «Դրանց միջոցով առավոտյան ծայրամասային թաղամասերից քաղաքացիները կտեղափոխվեն մետրոյի մոտակա կայարաններ: Իսկ հետո մետրոյի միջոցով կտեղաշարժվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ ծառայությունը պետք է լինի վճարովի․ քաղաքացիները կվճարեն և ոչ քաղաքապետարանը։

Ի պատասխան՝ Տարոն Մարգարյանն ասել է, որ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով չի թույլատրվում՝ ուրիշ մեքենաներ իրականացնեն ուղևորափոխադրումներ: «Բայց մենք կփորձենք առավոտյան և երեկոյան ժամերին և նաև ցերեկը, որտեղ մարդաշատ է, փորձենք մեր մասնավոր ընկերություններին պարտադրել, որ իրենց սպասարկվող ցանցում ավելացնեն մեքենաները մինչև արմատական փոփոխություններ լինեն»,- ասել է քաղաքապետը:

Նա հանձնարարել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը՝ վաղվանից առավոտյան ժամերին լինել այն ծայրամասային վարչական շրջաններում, որոնցում չկա մետրո, առկա է տրանսպորտի խնդիր, ինչպես նաև հրավիրել մասնավոր ընկերություններին՝ խնդիրը ներկայացնելու համար:

Մեկնաբանել