Նավալնին նոր օրակարգ է թելադրում․ անդրադարձ ռուսաստանյան իրադարձություններին

Eurasianet.org կայքում University of British Columbia-ի քաղաքագիտության դոկտոր Յանա Գորոխովսկայան վերլուծական հոդված է հրապարակել Ռուսաստանի ընդդիմադիր առաջնոր Ալեքսեյ Նավալնիի և նրա շարժման շուրջ ձևավորվող զարգացումների մասին։

Հունիսի 12-ը նշվում է որպես Ռուսաստանի օր, որը նշանավորում է Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի անկախության հռչակումը։ Հետխորհրդային ժամանակաշրջանում այդ օրը առանձնապես մեծ հանրային ոգևորություն չի առաջացրել, սակայն այս տարի ամեն ինչ այլ է։ Այն կարող է մատնանշել ընդդիմադիր քաղաքականության կարևոր ուղենիշ։

Հունիսի 12-ին հազարավոր ռուսաստանցիներ արձագանքեցին ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոչին՝ վերաիմաստավորել տոնը որպես կոռուպցիայի դեմ պայքարի օր։ Իշխանությունները ձերբակալեցին հարյուրավոր ցուցարարների Ռուսաստանի երկու հիմնական քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, որոնց թվում էր Նավալնին։

Հունիսի 12-ի բողոքի ակցիաները նպատակ ունեին շարունակել դեռ մարտի 26-ին սկիզբ առած բողոքի ալիքը, որը տեղի էր ունեցել Ռուսաստանի 82 բնակավայրերում: Ցուցարարները թիրախավորել էին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որի հսկայական հարստությունը փաստագրված էր Նավալնիի ու նրա Հակակոռուպցիոն հիմնադրամի հրապարակած հետքննական տեսանյութում:

Ռուսաստանի Պետդումայում Կոմունիստական կուսակցության առաջ քաշած միջնորդությունը՝ հետաքննել մեղադրանքները, ապրիլին արգելափակվեց իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների կողմից, իսկ Մեդվեդևը այդ մեղադրանքները որակեց զրպարտություն։

Վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում բողոքի ակցիաները հազվադեպ երևույթ են։ 1990-ական թվականներին գործադուլները և աշխատավորների բողոքները համեմատաբար տարածված էին։ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների ընթացքում, սակայն, Կրեմլը կրկին կենտրոնացրել և համախմբել է քաղաքական իշխանությունը։ 2000 թվականից ի վեր բողոքի ակցիաները նվազեցին, թեև որոշ էական բողոքներ, այդ թվում կենսաթոշակառուների բողոքը, շարունակվում է:

2011 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումների արդյունքում սկիզբ առան Խորհրդային Միության փլուզմումից ի վեր ամենալայնածավալ բողոքի ցույցերը։ Նաև առաջին անգամ էր, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան բողոքելու ուղղակիորեն Վլադիմիր Պուտինի դեմ`վանկարկելով «Պուտինը գող է» և «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսները։ Ռեժիմը դրանց արձագանքեց ռեպրեսիաներով, բարեփոխումներով և բողոքի ակցիաների կազմակերպման և ֆինանսավորման համար մեղքը այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա բարդելով:

Սակայն այս ցույցերը տարբերվում են նախորդներից հետևյալ էական հատկանիշներով։

Առաջին հերթին, բողոքի ակցիաների ուշադրության կենտրոնում է իրական տնտեսական դժգոհությունը՝ պետական պաշտոնյաների կոռուպցիան։ Երբ խոսքը վերաբերում է կոռուպցիային, ըստ Transparency International-ի՝ Ռուսաստանը 176 երկրների շարքում 131-րդ տեղում է։

Այն ժամանակ, երբ ռուսական տնտեսությունը թուլացել է պատժամիջոցների և նավթի գների անկման արդյունքում, Նավալնիի պնդումը, որը աղքատությունը պայմանավորում է պետական կոռուպցիայով, ունի թափ առնելու զգալի ներուժ։ Ավելին, թիրախավորելով Պուտինի ներքին շրջանակին, այլ ոչ թե անձամբ Պուտինին, այս ցույցերը լայն հասարակական հնչեղություն են ստացել: Դրանք նաև բարձրաստիճան պաշտոնյաներին մանևրելու հնարավորություն են տալիս՝ ցուցարարներին շարունակաբար ճնշելու փոխարեն Կրեմլը կարող է աշխատանքից հեռացնել կոռուպցիայում ներգրավված պաշտոնյաներին:

Երկրորդ, այս բողոքի ցույցերը նախորդներից տարբերվում են նրանով, որ Նավալնին նոր օրակարգ է ստեղծել. 2011 թ., երբ մարդիկ դուրս եկան բողոքելու ընտրակեղծիքների դեմ, ընդդիմությունն անակնկալի եկավ։ Ռուսաստանյան ընտրություններում ընտրախախտումները սովորական բան են, ուստի քչերն էին ակնկալում, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրակեղծիքները հանրային վրդովմունք կառաջացնեն, ուր մնաց նաև զանգվածային բողոքի ցույցեր կբռնկեն:

Ի հակադրություն, այսօրվա բողոքի ցույցերը ոչ միայն պարզապես արձագանքն են ռեժիմի սխալ քայլերին։ Նավալնին և նրա Հակակոռուպցիոն հիմնադրամը բարձրացնում են հարցեր և ձևակերպում քաղաքական պահանջներ:

Այսօրվա բողոքի ցույցերը ոչ միայն պարզապես արձագանքն են ռեժիմի սխալ քայլերին։ Նավալնին և նրա Հակակոռուպցիոն հիմնադրամը բարձրացնում են հարցեր և ձևակերպում քաղաքական պահանջներ

Վերջապես, օգտագործելով հունիսի 12-ը՝ Ռուսաստան օրը, Նավալնին ռուսաստանցի հայրենասերի նոր կերպար է տալիս ցուցարարներին, որոնց ռուսական իշխանություներն ու լրատվամիջոցները պիտակավորում էին որպես Արևմուտքի գործակալներ։ Սա կտրուկ փոխում է սցենարը։ Նրա ուղերձի էությունը հետևյալն է. մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց կոռուպցիայի դեմ, խորը սեր ու հարգանք են տածում Ռուսաստանի հանդեպ և ուզում են տեսնել ուժեղ և բարգավաճ հայրենիք: Նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս ցուցարարներին, ուզում են թալանել Ռուսաստանի ապագան և թուլացնել երկիրը։ Այս նարատիվն էլ լեգիտիմացնում է բողոքի գործողությունը՝ շատ ռուսների համար դեռևս խորապես անհարմար մի գործողություն, իսկ ցուցարարներին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանի դեր:

Տնտեսական խնդիրների վրա կենտրոնանալը, իրադարձությունների ընթացակարգը մշակելն ու ցուցարարների շուրջ նարատիվ փոխելը զգալի ռազմավարական տեղաշարժ է ռուսական ընդդիմադիր քաղաքականության մեջ: Իհարկե, շատ բան կախված է ռեժիմի պատասխանից: Հունիսի 12-ի երեկոյան տվյալներով, ավելի քան հազար մարդ է կալանավորվել ողջ Ռուսաստանում, սակայն ընդհանուր առմամբ իշխանությունների պատասխանը ցուցարարների նկատմամբ չափավոր է։ Ժամանակը ցույց կտա, թե արդյոք Նավալնիի ռազմավարությունը կտա ցանկալի արդյունք:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել