Կովկասյան հովազի ամայի 800 հեկտարը

Մենք կորցնում ենք այն, ինչ ունեինք՝ մեր անտառները: Մեր աղետների հիմքում մեր ունեցվածքն է՝ ունե՞նք մարդիկ, նրանք պիտի արտագաղթեն, ունե՞նք ընտրություններ, դրանք պետք է կեղծվեն, ունե՞նք բեզոարյան այծ, սպանել է պետք, ունե՞նք Սահմանադրություն, պետք է արհամարհվի: Չունենք նավթ, որի պատճառով մեր հիմքերը քանդեինք եւ օվկիանոս չունենք, որը ցունամիների ժամանակ մեզ կսրբի երկրի երեսից: Փառք Աստծուն, որ Աստված չունենք: Անապատ չունեինք, շուտով կունենանք:

Փոխարենն ունենք Տարոն Մարգարյան եւ Սերժ Սարգսյան, որոնք կարծես «ցունամի» լինելու քննություն հանձնած լինեն, ունենք ԱԻՆ, որը երեւի առաջին անգամ է լսում «կրակ» բառը, թեպետ բանակը եւ ոստիկանությունն ամեն անգամ դա ասում են ու իրենց հետեւից թողնում զոհեր: Այնպես որ, ճիշտը «հրդեհ» բառն է: Ունենք ամայի տարածքներ եւ երկրի ներսում, եւ երկրից դուրս:

Մեր հաջորդ զոհը անտառներն են: Այս իմաստով Սահարան շահեկան վիճակում է: Եվ ըստ երեւույթին, իշխանությունը մեր պետությունը հենց Սահարա էլ ընկալում է՝ իր օազիսներով, անտառների եւ թփերի բացակայությամբ եւ անտանելի շոգով: Էս անապատի հիմնական թյուրիմացությունը Սեւանն է: Իրեն հարգող իշխանությունը մի բան պիտի անի Սեւանի հետ, որ այն ցամաքեցնի: Իրեն հարգող Հանրապետականը, իրեն հարգող Սերժ Սարգսյանն ուղղակի պարտավոր է դա անել: Տարածքներն ամայացնելը նրանց մոտ լավ է ստացվում: Այդպես հեշտ է հանձնելը: Ինչու՞ են անտառները հրդեհվում, իսկ իշխանությունները թեժ ամառն անցկացնում հով եւ զով հանգստավայրերում: Անտառը իմ ունեցվածքը չէ, եթե միայն ես մտադիր չեմ այնտեղ խորոված անել ու միջավայրի հերն անիծել: Չէ՞ որ այլ ունեցվածք չկա: Բայց նա իմն է, որովհետեւ ես կամ ըստ նրա:

Խոսրովը բացահայտեց, որ սա պետություն է, որտեղ իշխանության շարժիչ ուժը ատելությունն է: Եթե Սերժ Սարգսյանի Հրազդանի ձորում գտնվող ամառանոցը հրդեհի ենթակա չէ, ուրեմն նա պետք է հրաժարական տա, եթե հրդեհի ենթական Խոսրովի արգելոցն է: Որովհետեւ ո՞վ ասեց, որ պետական ամառանոցը պետք է խնամվի, իսկ պետական արգելոցը թողնվի Գագիկ Սուրենյանի ահասարսուռ կանխատեսումների հույսին:

Ձեզ դրեք այդ արգելոցներում ապրող այծերի, կովկասյան հովազի, արջերի ու մոֆլոնների տեղը, մարդիկ: Նրանք մեղավոր չեն, որ ինքնապաշտպանական ոչինչ չունեն մարդկային գործոնի դեմ: Էս հրդեհը նրանց ապրիլյան պատերազմն է: Ինչ-որ մեկը ներխուժել է նրանց տարածք ու կրակին տվել: Չկա մի կենդանի, որը «կրակայրիչ» է: Հենց դրանով են նրանք անմեղ: Եթե նրանց անմեղությունը ձեզ մարդ չի դարձնում, ռուսական հրդեհաշիջող ԻԼ-76-ի հյուրախաղերը կարող են միայն վատացնել վիճակը: Որովհետեւ Խոսրովը հո կարո՞ղ էր կանխատեսվել Արտավանից հետո: Նշանակում է, պետք էր ուժեղացնել հսկողությունը այդպիսի գոտիներում: Նշանակում է, ջրերը հատուկ խողովակներով պետք է հասցվեն արգելոցներ, որպեսզի միջից աշխատեն: Որովհետեւ էդ արգելոցները ձեր թթվածինն են, ձեր հմայքն են, ձեր ղեկավարած պետության գեղագիտությունն են:

Ո՞վ է ձեր աշխարհագրության դասատուն: Նա ձեզ չի ասե՞լ, որ առանց բնաշխարհի պետությունները անապատներ են, այսինքն, հիշողությունը կորցրած տարածքներ, որովհետեւ կովկասյան հովազը հաստատ էնքան հիշողություն կունենա, որ մեր անտառները ոտք չդնի, կգնա իր համար այլ անտառ գտնելու: Սահարան գոնե կա սողունների եւ անապատային առյուծների համար, բայց այնտեղ հրդեհելու բան չկա: Անապատը նրանց գոյության արեալն է, որտեղ մթնոլորտի 60 աստիճան ջերմությունը ոչ մեկին չի զարմացնում, ոչ մեկին չի ստիպում միջոցներ ձեռք առնել հրդեհները կանխելու համար:

Բոլորը կհիշեն, թե ինչպես էր ոստիկանությունը զորավարժություններ իրականացնում բազմահազարանոց միտինգները ցրելու ուղղությամբ: Այսինքն, իշխանությունը պատրաստվում էր հարձակվել մարդկանց վրա, որպեսզի իրեն ոչնչով չսպառնան: Անտառները կան մեզնից անկախ, բայց մարդը նա է, որն իրենից կախված ամեն ինչ անում է դրանց խնամքի համար, այլապես, Հրանտ Մաթեւոսյանի ասած, «հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

Մեկնաբանել