Կառավարությունը ցանկանում է արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը և շահագործումը

Կառավարությունն առաջարկում է 2018թ․ ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: E-draft.am կայքում նման նախագիծ է հանրային քննարկման դրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն»:

Նախագծում նշվում է նաև, որ կառավարությունը նպատակ ունի նախ ժամանակավորապես արգելել նման ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան, այնուհետև ընդհանրապես դրանց շահագործումը:

Նախագծում հղում է արվում Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին: Այն հրապարակվել է դեկտեմբերի 15-ին, բայց արդեն հասցրել է ստանալ 86 դեմ ձայն, և կողմ՝ ընդամենը 6-ը:

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն ու շահագործումը սահմանափակելու մասին խոսվում է դեռ տարեսկզբից։ Սակայն ո՛չ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ո՛չ էլ ոստիկանությունը չունի կամ չի ներկայացրել վիճակագրություն, որը կվկայի աջ ղեկով մեքենաներով պատահարների ավելի մեծ թվի և վտանգավորության մասին:

Նախագիծը հակասում է Սահմանադրությանը․ փաստաբան

«Հիմնավորման մեջ արժեքավոր ոչինչ չկա, պարզապես պետական պաշտոնատար անձինք իրենք իրենց ցանկությամբ՝ առանց մասնագետների, որոշել են, որ պետք է արգելել: Չկա մասնագիտական և փորձագիտական որևէ կարծիք, չկա վիճակագրություն, բայց քանի որ ժամկետներով է սահմանափակված՝ ինձ թվում է կանցկացնեն սա»,- ՍիվիլՆեթին ասաց փաստաբան Դավիթ Ասատրյանը:

Ասատրյանի խոսքով՝ նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Դրանով նաև փորձ է արվում արգելել այդ մեքենաների վաճառքը: Դա նշանակում է, որ այդ գույքը անձինք չեն կարողանա տնօրինել, այդ թվում՝ վաճառել։ Դա սեփականության իրավունքի բաղկացուցիչ տարրերից է․ եթե արգելելու ես տնօրինել, ուրեմն խախտում ես սեփականության իրավունքը, իսկ Սահմանադրությունն էլ ասում, որ մարդու սեփականությունը կարող է սահամանփակվել օրենքի հիման վրա, այն էլ փոխհատուցմամբ»: Փաստաբանը վստահ է՝ եթե կառավարությունն այս որոշումն ընդունի, ապա այն պետք է հակասահմանադրական ճանաչել:

«Ինչ է ստացվում՝ 30-35 տոկոս բնակչության սեփականության իրավունքը դադարեցնում են կառավարության որոշմամբ, առանց օրենքի, ընդ որում՝ առանց որևէ լուրջ հիմքի և հիմնավորման։ Պատկերացրեք, թե քանի միլիարդավոր դրամների սեփականության իրավունք է դադարում՝ երկու բառով»:

Աջ ղեկով մեքենաներն արգելելու թեման կառավարությունը քննարկում էր նաև հոկտեմբերին։ Դիտե՛ք տեսանյութը.

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել