Որ ուսանողները կարող են տարկետում ստանալ․ ներկայացվել են չափանիշները

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է կառավարության որոշման այն նախագիծը, որով կրթության և գիտության ոլորտում բացառիկ համարվող երիտասարդները կարող են տարկետում ստանալ։

Ըստ հրապարակված որոշման նախագծի՝ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվելու է հանձնաժողով, որը տարկետում տրամադրելու համար պետք է դրական եզրակացություն տա, իսկ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում ուսանող երիտասարդներին։ Ուսանողները իրենք պետք է դիմում ներկայացնեն այդ հանձնաժողովին, եթե համարում են, որ իրենք արժանի են տարկետումից օգտվելու: Հանձնաժողովը սահմանում է 100 բալանոց սանդղակ։ Եթե ուսանողի միավորները 80 կամ բարձր են, նա ստանում է տարկետում։ Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար:

Բալերի որոշման համար, ըստ որոշման նախագծի, հիմք են հանդիսանալու տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ), գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, Հայաստանի նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ), բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականը, հանձնաժողովի հետ հարցազրույցը:

***

Պաշտպանության նախարարության հեղինակած և խորհրդարանում հաստատված «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի լրացումներից ու փոփոխություններից հետո ակադեմիական տարկետման իրավունքը էապես սահմանափակվել է։ Տարկետում կարող էին ստանալ միայն այն երիտասարդները, ովքեր պաշտպանության նախարարության հետ կնքում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և դրա ավարտից հետո ՊՆ-ի կողմից նշված վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին։

Այդ սահմանափակումը առաջացրեց դժգոհություն, ուսանողները Երևանում փողոցային երթեր ու ցույցեր անցկացրին։ Չնայած դժգոհությանը՝ օրենքը խորհրդարանում ընդունվեց, ապա իշխանությունները բանակցություններ սկսեցին բողոքի կազմակերպիչ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց իշխանության ու բողոքող երիտասարդների միջև, որ պետք է բացառիկ ընդունակությունների տեր ուսանողների համար սահմանել նոր չափորոշիչներ ու պայմաններ, որոնց բավարարելու դեպքում նրանք կարող են տարկետում ստանալ։

Մեկնաբանել