Ո՞վ է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն

Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», երեկ վարչապետի պաշտոնում առաջադրել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար, 36-ամյա Մամուկա Բախտաձեի թեկնածությունը։ Նախօրեին Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր այդ պաշտոնից հեռանալու մասին։

Ինչպես տեղեկացրել է «Վրացական երազանք» խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, կուսակցությունը միաձայն հավանություն է տվել Բախտաձեի թեկնածությանը։

Առաջադրվելուց հետո Բախտաձեն ներկայացրել է մի շարք սկզբունքներ, որոնցով առաջնորդվելու է իր կառավարությունը։ Դա նախևառաջ «վրաց ժողովրդի պատմական ընտրության իրագործումն է և Վրաստանի լիարժեք ինտեգրումը եվրատլանտյան տարածքում»։

Բախտաձեն խոստացել է նորարարական բարեփոխումների իրականացում, ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդում։ Որպես կառավարության առաջնահերություններ են նշվել ներդրումներն ու կրթական ոլորտի բարեփոխումը։ Նա նաև նշել է, որ Վրաստանին անհրաժեշտ են «ոչ մեծ, բայց ճկուն և արդյունավետ կառավարական գերատեսչություններ»։

«Մարդը եղել է, կա և կլինի «Վրացական երազանքի» գլխավոր արժեքը։ Հետևաբար յուրաքանչյուր նախաձեռնություն կամ ջանք լինելու է մարդակենտրոն»,- ասել է գործիչը։

Ինչպես գրում են որոշ վրաստանյան լրատվամիջոցներ, Բախտաձեն համարվում է Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հովանավորյալը։ 2017թ․ նոյեմբերի 13-ին Կվիրիկաշվիլիի կառավարությունում Բախտաձեն ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը։

Ինչպես նկատում է Newsgeorgia կայքը, պաշտոնյան իրեն դրսևորել է որպես մեկը, ով «ձգտում է վրացիներին սովորեցնել ապրել ունեցած միջոցներով և պարտքեր չկուտակել»։

Վրաստանյան մամուլում լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ սիրային կապ կա Բախտաձեի ու Իվանիշվիլիի դստեր՝ Գվանցայի միջև։

Մամուկա Բախտաձեն նաև հայտնի է որպես սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր։

Մեկնաբանել