Ծառուկյանի թիկնապահին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Վ. Հարությունովի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, Էդուարդ Բաբայանը կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։

Հուլիսի 3-ին քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացի Վ․ Հարությունովը իրավապահ մարմիններին հայտնել էր, որ ինքը բռնության է ենթարկվել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի, ապա նրա օգնականի՝ Էդուարդ Բաբայանի կողմից։ Դեպքը, ըստ Հարությունովի, տեղի էր ունեցել Հայաստանի օլիմպիական կոմիտեի վարչական շենքում՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Օլիմպիական կոմիտեի նախագահ Դերենիկ Գաբրիելյանի ներկայությամբ։ Ավելի ուշ Հարությունովը հայտարարել էր, թե վնասվածքները ստացել է սայթաքելու հետևանքով, և միջադեպ տեղի չի ունեցել։

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

«Այսպես, Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը` դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:

05.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 06.07.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել և Է. Բաբայանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում։

:

Մեկնաբանել