Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց առնվազն ավելի պահպանողական է․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հանդես է գալիս համընդհանուր առողջապահական համակարգ ներդնելու և աշխատավարձից 6 տոկոս հարկ սահմանելու օգտին, համաձայն չէ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ այդ համակարգի ներդրման քննադատությանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում դեմ էր արտահայտվել Առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգին՝ ասելով, որ առողջապահության հարկային բեռն ընկնում է ոչ թե տնտեսվարողների, այլ վարձու շախատողների վրա, և մեծ հաշվով բեռ է տնտեսության վրա:

Տե՛ս նաև՝

Ֆինանսների նախարարը դեմ է առողջության պարտադիր ապահովագրությանը

Առողջության համապարփակ ապահովագրություն. ինչ է պետք իմանալ հայեցակարգի մասին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է՝ ինչպես է տեսնում բժշկական համապարփակ ապահովագրությունը

Շաբաթ օրը Աղվերանում լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Թորոսյանը մեկնաբանել է կառավարության իր գործընկերոջ քննադատությունը․ «Իհարկե, պարոն Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց նա առնվազն ավելի պահպանողական է այս համակարգերի առումով, քան ես»։

«Մեր ֆինանսական ոլորտի գործընկերները զարմանալիորեն դեմ են առողջության համապարփակ ապահովագրությանը, որովհետև Կենտրոնական բանկն էլ է դեմ, բայց Կենտրոնական բանկի մոտիվները շատ պարզ են։ Կենտրոնական բանկն ուզում է ֆինանսական շուկաներ զարգացնել նման համակարգերի հաշվին, ինչը նորից չի լուծում այդ խնդիրները»,- ասաց Թորոսյանը և հավելեց։- Նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը միջազգային ֆինանսական կառույց է, խորհուրդ է տալիս երբեք առողջության ապահովագրությունը չդիտարկել որպես ֆինանասական շուկաների զարգացման մեխանիզմ»։

Ըստ առողջապահության նախարարի՝ «կա նաև ապագայի տեսլականի մոտեցումների տարբերություն»։ Նրա խոսքով՝ դա վատ չէ, և հարկավոր է այդ մոտեցումները բերել ինչ-որ տեսակետի, և իրենք հենց դրան էլ գնում են։

«Խնդիրները լուծելու տեսանկյունից համակարգին հավելյալ ֆինանսական միջոցներ տրվելու հրամայականը կարևոր է։ Այլ տարբերակ պարզապես չի կարող լինել։ Նաև այսօր մի բան է ասել պարոն Ջանջուղազյանը, որին կտրուկ դեմ եմ։ Նա նշել է, որ մեր առաջարկած համակարգը ներդրումներ է բերելու առողջապահություն։ Ոչ թե ներդրումներ է բերելու առողջապահություն, այլ մարդկանց առողջություն և մարդկային կապիտալ, ինչը լավ տնտեսություն ունենալու կարևոր բաղադրիչներից է։ Պետք չէ հակադրել առողջապահության մեջ ներդրումները ընդհանուր տնտեսության մեջ ներդրումներին։ Հակառակը, առանց մարդկային կապիտալի, կրթության և առողջապահության մեջ ներդրումների, ինչպես նաև սոցիալական ապահովության հնարավոր չէ ունենալ զարգացած կամ զարգացող տնտեսություն»,- նշեց Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ մյուս տարբերակը բյուջետային հատկացումների աճն է։ «Օրինակ, մենք ունենք կենսաթոշակառուներ, որոնք չեն աշխատում, առողջապահության մասով պետական ոչ մի երաշխիք չունեն։ Մի մասը ունի, քանի որ ընդգրկված է աղքատության նպաստի ծրագրում կամ ունի հաշմանդամություն։ Բայց կան մարդիկ, որոնք չունեն որևէ երաշխիք։ Եվ նրանց համար ցանկացած ծախս առողջապահական լուրջ բեռ է։ Ես առաջարկել եմ այդ մարդկանց տալ պետական պատվերի լավագույն փաթեթը, որ այսօր տալիս ենք երկրորդ կարգի հաշմանդամներին։ Բայց դրա համար մեզ պետք է 15 միլիարդ դրամ փող։ Հիմա եթե մենք ուզում ենք հարց լուծել, գոնե հարց լուծելու ճանապարհով գնանք, ոչ թե ասենք՝ համակարգը կա, թող էսպես էլ մնա, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։ Մենք պիտի գոնե առաջանցիկ տեմպերով ոլորտի հատկացումները շատացնենք»,- ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ եթե այդ տեմպերը հասցնեն ցանկալի թվին, նոր հարկատեսակի մասին ընդհանրապես խոսք չի լինի, պարզապես աստիճանաբար կավելացնեն մարդկանց թիվը, որոնց ծածկույթ է տրամադրվում։ Երբ վերջում մնան միայն զբաղված մարդիկ, հնարավոր է սահմանել, օրինակ, 1-2 տոկոս հարկ․ «Բայց դա կլինի միայն այն ժամանակ, երբ պետությունը արդեն էական աճեցրած լինի հատկացումները ոլորտում, ու մենք բազմաթիվ քաղաքացիների հարցեր լուծենք» ։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել