Ամուլսարի հարցում Հայաստանը Բրիտանիայի և ԱՄՆ-ի ճնշման տակ է, ըստ ԵՄ զեկույցի

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներքին զեկույցում ասվում է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ճնշում են գործադրել երկրի վրա Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի պատճառով, հաղորդում է openDemocracy․net կայքը: Հոդվածը կրճատումներով՝ ստորև։

Ամուլսարի ոսկու հանքը հայկական քաղաքականության առաջին պլան դուրս եկավ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, երբ Ամուլսարի հանքավայրի շրջակա բնակիչներն ու բնապահպան ակտիվիստները սկսեցին 400 միլիոն դոլար արժողությամբ անավարտ հանքարդյունաբերական նախագծի շրջափակումը, ինչը հանգեցրել է նրանց և բրիտանա-ամերիկյան Լիդիան Ինթերնեշնլ (Lydian International) հանքարդյունաբերական ընկերության, ընկերության միջազգային աջակիցների և Հայաստանի կառավարության միջև հակադրության:

ԵՄ ներքին զեկույցը, որը թվագրված է 2019 թվականի հոկտեմբերով, անդրադառնում է Ամուլսարի դիմակայության միջազգային ասպեկտին։ Մոտ երկամյա շրջափակման արդյունքում Լիդիանը չկարողացավ մուտք գործել Ամուլսարի տարածք և ավարտել շինարարությունն ըստ ծրագրի, որին աջակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ կառավարությունները:

ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունից (EEAS) «Տեղեկատվության ազատություն» ծրագրի շրջանակում ստացված զեկույցում ասվում է, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարության ճնշման ներքո»՝ կապված Ամուլսարի դիմակայության հետ:

Ըստ զեկույցի՝ «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հույս ունեն, որ Լիդիանը խտրականության չի ենթարկվի և նմանատիպ մոտեցում կկիրառվի Հայաստանում աշխատող այլ հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ»:

Լիդիանը հանքավայրի շրջափակումն անօրինական է համարում և Հայաստանի կառավարությանը մեղադրում է ստեղծված իրավիճակում «անգործության» մեջ: 2019 թվականի մարտին ընկերությունը տեղեկացրել է Հայաստանին Մեծ Բրիտանիայի և Կանադայի երկկողմ ներդրումային պայմանագրերի շուրջ հնարավոր միջազգային արբիտրաժային վեճի մասին: Որոշ դիտորդների կարծիքով՝ Ամուլսարի շուրջ ստեղծված փակուղին անհանգստություն է առաջացնում օտարերկրյա ներդրողների մոտ։

Ամուլսարի հանքի դեմ հանդես եկողները, ինչպես նաև բրիտանացի մի պատգամավոր քննադատել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության դերը Լիդիան Ինթերնեշնլին Հայաստանի կառավարության հետ նրա վեճում աջակցելու գործում:

«Այս զեկույցը հաստատում է շատերի կասկածներն այն մասին, որ Մեծ Բրիտանիան գործում է մի ընկերության անունից, որը ձգտում է ոսկու վտանգավոր հանքավայր բացել»,- ասել Է Global Justice Now կազմակերպության ներկայացուցիչ Ջին Բլեյլոկը: «Ավելին, Բրիտանիայի ԱԳՆ-ն աջակցում է ընկերության, որն օգտագործում է «կորպորատիվ դատարանները», որպեսզի փորձի վախեցնել Հայաստանի կառավարությանը և ստիպել նրա դադարեցնել հանքի դեմ հանրային բողոքները»,- ասել է նա։

«Մենք համաձայն չենք Ամուլսարի ոսկու հանքավայրում ՀՀ կառավարության հետ դեսպանատան ընթացիկ փոխգործակցության նման բնութագրի հետ»,- ասել է Բրիտանիայի ԱԳՆ խոսնակը:

Լիդիան ընկերությունը, որը գրանցված է Ջերսիում և կենտրոնակայանը Կանադայում է, հայտարարում է, որ պահպանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման և շրջակա միջավայրի պահպանության միջազգային ամենաբարձր չափանիշները, ինչպես պահանջում են ՎԶԵԲ-ը և Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան, որոնք 2017 թվականին դուրս են եկել Ամուլսարի ծրագրից:

Հանքի հակառակորդները պնդում են, որ շրջակա միջավայրին հնարավոր վնասի վերաբերյալ իրենց մտավախությունները լիովին հիմնավորված են, մինչդեռ Բրիտանիայի նախկին դեսպանները Ամուլսարի ծրագիրն անվանել են «բրիտանական հնարավոր ամենախոշոր ներդրումը Հայաստանում» և «Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի միջև գործարար համագործակցության հիանալի օրինակ»։

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներքին նամակագրությունը, որը տեղեկատվության ազատության ծրագրի շրջանակում հասանելի է դարձել openDemocracy-ին, պարունակում է խմբագրված էլեկտրոնային նամակներ, որոնք վերաբերում են Ամուլսարի հարցով 2018 թվականին դեսպանության հանդիպումներին ինչպես Լիդիան Ինթերնեշնլի, այնպես էլ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ openDemocracy-ին հասանելի է դարձել նաև Ամուլսարի հանքի վերաբերյալ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության խմբագրված ներքին նամակագրությանը: Դեսպանատան և Լիդիանի միջև շփումների ցանկը ցույց է տալիս կանոնավոր հաղորդակցությունը հինգ տարվա ընթացքում:

Բրիտանական դեսպանատան 2018 թվականի փաստաթղթերի ռեեստրում, որոնք վերաբերում են Ամուլսարին, կան այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են «ՀՀ վարչապետի հետ հնարավոր հանդիպում․ շտապ խորհրդատվություն է պետք», «Հարցեր դեսպանի համար», «Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ հանդիպման առանցքային պահերը» և «Լիդիանի հետ հանդիպման արդյունքների հրապարակումը»: Ամուլսարի նախագծին վերաբերող դեսպանության փաստաթղթերը ներառում է նաև 2018 թվականի նոյեմբերին վարչապետ Փաշինյանի հետ ԵՄ առաքելությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ խմբագրված նամակագրությունը:

«Թվում է, որ բրիտանացի դիվանագետները ծանրակշիռ պատճառներ չունեն օգտագործելու իրենց ամբողջ ազդեցությունը հանքարդյունաբերական մի ընկերության համար, որի հիմնական գրասենյակները Կոլորադոյում են, Կանադայում և Հայաստանում, մի ընկերության համար, որը գրանցված է Չանել Այլենդ օֆշորային գոտում (Channel Island tax haven) և վերջերս է Լոնդոնում փոստային արկղ գրանցել, որտեղ իրականում ընկերության ոչ մի աշխատող չկա»,- ասել Է Global Justice Now կազմակերպության ներկայացուցիչ Ջին Բլեյլոկը: «Պարզվում է՝ Լիդիանը Մեծ Բրիտանիայում նույնիսկ բանկային հաշիվ չունի»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունները, որպես կանոն, չեն ընդգծում Լիդիան Ինթերնեշնլին իրենց աջակցությունը, որը պետք է դառնար Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը մինչև 2018 թվականի հանրային արշավի մեկնարկը:

«Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտոնյաները Հայաստանի կառավարությանը պարբերաբար ներկայացնում են մի շարք խնդիրներ»,- այս տարվա սկզբին խորհրդարանում հնչած հարցին ի պատասխան ասել է ԱԳ նախարարը:

Զեկույցում չի բացահայտվում Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պաշտոնական ճնշումը՝ կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ: ԵՄ արտաքին գործերի ծառայությունում (EEAS) նշել են, որ «Երևանում ԵՄ պատվիրակության կողմից փաստաթղթի ամբողջական հրապարակումը, որը նախատեսված է միայն ներքին օգտագործման համար, թույլ կտա բացահայտել այն գնահատականները, որոնք վերաբերում են այդ ծրագրի [Ամուլսարի] ասպեկտներին և ազդեցությանը»:

ԵՄ պատվիրակության զեկույցում նշվում է, որ «վարչապետ Փաշինյանը ստիպված է համադրել [Ամուլարի] ծրագրի բնապահպանական մտահոգություններն ու տնտեսական օգուտները հանքարդյունաբերության ոլորտից, որն ունի շրջակա միջավայրի պահպանության «տխրահռչակ» ցուցանիշ»: Լիդիանի պնդմամբ՝ հանքի շինարարության ավարտից հետո աշխատանքի կտեղավորվի 750 հոգի, ևս 3000 աշխատատեղ կստեղծվի տեղական ընկերությունների միջոցով ու տասը տարվա ընթացքում 488 միլիոն դոլար կմուծեն Հայաստանի պետական բյուջե:

Զեկույցն ընդգծում է լարված այն իրավիճակը, երբ Լիդիանի արտասահմանյան հովանավորները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, հայտնվել են Հայաստանում։ Ամուլսարի դիմակայությունը «խիստ քաղաքականացված է,- ասվում է զեկույցում։- Հայաստանի հեղափոխական իշխանությունների հակառակորդները (բայց նաև որոշ կողմնակիցներ) միավորվում են այս հարցի շուրջ, թեև տարբեր նպատակներ են հետապնդում»:

openDemocracy․net-ի հետ հարցազրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սոնա Այվազյանն ասել է, որ վարչապետն ակնհայտորեն մեծ ճնշման տակ է միջազգային համայնքի կողմից, մասնավորապես՝ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանությունների, ինչը կարող է վտանգի ենթարկել երկրում հետագա օտարերկրյա ներդրումները։ «Ակնհայտորեն, վարչապետի համար չափազանց բարդ է լինեու որոշում կայացնելն այս իրավիճակում»,- ասել է նա։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը և Լիդիան Ինթերնեյշնլը կշարունակեն համատեղ աշխատանքը Ամուլսարի հարցում փոխընդունելի, անկողմնակալ և օպերատիվ կարգավորման բոլոր հնարավոր տարբերակների քննարկման ուղղությամբ»։

«Մենք ցանկանում ենք տեսնել այս հարցի կանոնակարգված լուծումը՝ օրենքին համապատասխան։ Բոլոր ներդրողների նկատմամբ օրենքի կանխատեսելի, թափանցիկ և միատեսակ կիրառումը շահագրգիռ կողմերին երաշխավորում, իսկ հնարավոր ներդրողների մոտ ամրապնդում է վստահությունը»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել openDemocracy․net-ի հարցմանը:

Թարգմանությունը՝ Մարիա Եղիազարյանի

Մեկնաբանել