Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ, հրետակոծվում են Այգեպար և Մովսես գյուղերը. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Ստեփանյանը նշում է, որ սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։

Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը նաև տեղեկացրել է, որ նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։

Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ տավուշցիներին խնդրում է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել