Հյուսիսում 1-2 գրոհից հետո հակառակորդը հետ է շպրտվել, հարավում ծանր մարտեր են ընթացել

Հոկտեմբերի 19-ից արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսային ու հարավային հատվածում թեժ մարտերը շարունակվել են. հյուսիսում 1-2 հարձակումից հետո հակառակորդը հետ է շպրտվել, իսկ հարավային ուղղությամբ տևական ու ծանր մարտեր են ընթացել։ Միասնական տեղեկատվական կենտրոնում այդ մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կողմերը դիրքային էական փոփոխություններ ու զորաշարժեր չեն ունեցել։ Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է»,- նշեց Հովհաննիսյանը։ Հայկական կողմի զոհերի աճյունների մասին հարցին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց՝ շատ դեպքերում աճյունները միջդիրքային տարածքում են և դրանք դուրս բերելու համար անհրաժեշտ է անվտանգ միջավայր, բացի այդ, ՊԲ-ն պայման է դրել աճյունների փոխանակում կատարել միջազգային դիտորդների առկայությամբ։

Ասուլիսում խոսք ունեցավ նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված և հայտնի լուսանկարում պատկերված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը։ «Պետք է ամեն կերպ օգնենք մեր երկրին ու բանակին, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ, բոլոր այն կարող մարդիկ, ովքեր կարող են իրենց աջակցությամբ օգնել մեր բանակին, պետք է այդ ամենը կատարեն։ Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով՝ մենք չենք օգնում կամ ոգևորում զինվորներին, մենք պարտավոր ենք իրենց կողքին լինել»։

Մեկնաբանել