Ջոբսն ու Թեյլորը հանվել են վաճառքի

Սահմանելով նոր ռեկորդներ

Երեկ $1,6 մլն-ով նյույորքյան Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է ամերիկյան Apple ընկերության հիմնադրման մասին փաստաթուղթը։ Այն գնել է ամերիկյան Cisneros Group մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Էդուարդո Սիսներոսը։

Աճուրդային այս լոտը պարունակել է գործընկերության մասին պայմանագիրն ու վերջինիս շտկումները, որոնք 1976թ. ապրիլի մեկին ստորագրել են Apple-ի համահիմնադիրներ Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնյակը և Ռոնալդ Ույեն։ Հենց այս օրն է համարվում Apple-ի հիմնադրման ամսաթիվը։ Փաստաթուղթը ստորագրելուց 11 օր հետո Ուեյնը հեռացել է ընկերությունից՝ իր բաժնեմասը $800-ով վաճառելով Ջոբսին։ Այսօր դրա գինը կարող էր գերազանցել $36 մլրդ-ը։

Պայմանագիրը երկար ժամանակ տնօրինել է Ուեյնը, ապա վաճառել է ձեռագրերի առևտրով զբաղվող մեկին։ Վերջինս, իր հերթին, այն վերավաճառել է մասնավոր կոլեկցիոների։ Լոտի նախնական գինը եղել է $70 հազ., աճուրդի կազմակերպիչները մտադիր են եղել ներգրավել $100-150 հազ.։

Երեկ նյույորքյան մեկ այլ՝ Christie’s աճուրդի տանը $116 մլն-ով վաճառվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զարդերի հավաքածուն։ Աճուրդի է հանված եղել 80 լոտ, որոնք բոլորն էլ վաճառվել են, ընդ որում՝ ձեռքբերման գները մի քանի անգամ գերազանցել են նախապես սահմանվածները։

Այսպես՝ օրինակ 24 լոտ վաճառվել է $1 մլն-ով, 6 լոտի գինը գերազանցել է $5 մլն-ը։ Այս աճուրդի ընթացքում նաև գնային յոթ նոր ռեկորդ է սահմանվել։ Թեյլորի 33,19-կարատանոց ադամանդե հայտնի մատանին վաճառվել $8,8 մլն-ով՝ նախապես սահմանված $2,5-3,5 մլն-ի փոխարեն։

Մեկնաբանել