ՊԲ-ն հերքում է 15 հայ զինվորի գերեվարվելու մասին լուրը

Հավաստում ենք, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել։ Այս մասին հայնտում է Արցախի պաշտպանության բանակը։

«Համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը: Հավաստում ենք, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ՊԲ-ի՝ համացանցում տարածված՝ բանակին առնչվող նյութերը որևէ իրական հիմք չունեն, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել կառույցի հեղինակությունը:

«Պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը (նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ) պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ»,- նշված է ՊԲ հայտարարությունում։

Մեկնաբանել