Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Լատվիայի պետեկամուտների ծառայության ղեկավարների կողմից այսօր ստորագրվել է երկու կառույցների տեխնիկական համագործակցության համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը, Լատվիայի նշված ծառայության հետ փորձի և տեղեկատվության փոխանակության ընդլայնումը օգտակար կլինի Հայաստանի հարկային և մաքսային մարմինների համար՝ օրենսդրության ու վարչարարության կատարելագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից: Համաձայնագրի ստորագրումը մեծ դեր կունենա նաև հարկերից խուսափելու դեմ պայքարում:

Կարևորելով փորձի փոխանակումը` Լատվիայի ՊԵԿ ծառայության գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովան ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են հայաստանյան գործընկերների փորձի ուսումնասիրման և ընդօրինակման հարցում:

Նշենք, որ Լատվիայի պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է ապրիլի 24-ից: Այցի նպատակն է քննարկել երկու գերատեսչությունների հարկային և մաքսային ոլորտներում, փորձի փոխանակման ասպարեզում երկկողմ համագործակցության հարցեր:

Հայաստանի և Լատվիայի միջև հարկային ու մաքսային ոլորտներում փոխգործակցությունը սկսվել է 2002-ից:

Մեկնաբանել