ՄԱԿ-ի ԱԽ-ն սպառել է իրեն․ Amnesty International

«Անցյալ տարի ամբողջ աշխարհում իշխանությունները չէին կարողանում լուծել ծագած խնդիրները։ Քաղաքական գործիչները հուզումներին պատասխանում էին դաժանությամբ կամ անտարբերությամբ։ Իշխանությունները պետք է ցույց տան, որ իրենք ունակ են վերահսկելու իրադրություը օրինական մեթոդներով ու վերականգնելու արդարությունը՝ պաշտպանելով իրավազուրկներին և զսպելով իշխանավորներին։ Եկել է ժամանակը, երբ մարդկանց շահերը պետք է դասվեն կոռուպցիայի շահերից վեր, իսկ իրավունքները՝ եկամուտներից վեր»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին՝ ներկայացնելով զեկույցը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության չմիջամտությունը Շրի Լանկայում տիրող իրադրությանը և մարդկության դեմ հանցագործությունների թողտվությանը Սիրիայում ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արդարացնում իրեն՝ որպես խաղաղության երաշխավոր ամբողջ աշխարհում։

Կազմակերպությունը կոչ է արել ընթացիկ տարում ստորագրել Զենքի առևտրի մասին միջազգային խիստ պարտավորեցնող պայմանագիր։

Amnesty International-ի զեկույցում, որն ընդգրկում է 2011թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, խոսվում է ավելի քան 90 երկրում խոսքի ազատության սահմանափակումների, ինչպես նաև առնվազն 101 երկրում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի փաստերի մասին։

Ոչ մի երկիր՝ ԱՄՆ-ից և Ճապոնիայից մինչև Հյուսիսային Կորեա և Կուբա զերծ չի մնացել Amnesty International-ի քննադատությունից։

Անդրադառնալով Հայաստանին՝ կազմակերպությունն առանձնացրել է հատկապես երեք խնդիր՝ հավաքների ազատություն, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունք ու կրոնական հայացքների պատճառով զինծառայությունից խուսափողների ազատազրկում։ «Հանվել է երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արգելքը, և ընդունվել է Հավաքների մասին օրենքի բարեփոխված տարբերակը: Այդուհանդերձ, մտահոգություն կա խաղաղ հավաքների ազատության իրավունքը գործնականում կիրառելու կապակցությամբ: Մտահոգության առարկա են խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը ոստիկանական բաժիններում»,- ասված է զեկույցում։

Amnesty International-ը նաև առաձին փաստաթուղթ է հրապարակել Ադրբեջանում տիրող իրադրության մասին, որտեղ այս օրերին անցկացվում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Կազմակերպությունը կշտամբում է մրցույթի կազմակերպչին՝ Եվրոպական հեռարձակողների միությանը, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատելուց հրաժարվելու և դրանով իսկ հետագա պետական ճնշմանը քարտ բլանշ տալու համար։

Մեկնաբանել