Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց

Ավստրիայի Կուֆշտայն քաղաքում ավարտվեց Հայաստան – Հունաստան ընկերական հանդիպումը: Չնայած Ռոման Բերեզովսկու ֆանտաստիկ խաղին, Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Հանդիպման մեկնարկն անցավ հույների բացահայտ առավելությամբ: Առաջին 5-6 րոպերին մեր ֆուտբոլիստները չէին կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտից: Շուտով մեր տղաները կարողացան գնդակը տեղափոխել կենտրոն: Թվում էր` Հունաստանի գրոհները կորցրել են սրությունը և Մինասյանի սաներն ամբողջությամբ հավասարեցրել են խաղը, երբ 22-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Պապադոպուլսն առաջ մղեց իր թիմին: Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերն առանձնապես վտանգավոր գրոհներ չկազմակերպեցին:
Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի առավելությունն ակնհայտ էր: Մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի ետևից վտանգավոր հարվածներ էին կատարում Սիֆակիսի դարպասին, բայց ամեն անգամ գնդակը փոքր-ինչ շեղ էր ընթանում: Միայն Հենրիխ Մխիթարյանը 4 անգամ նպաստավոր դիրքերից չկարողացավ հավասարեցնել հաշիվը: 1 անգամ էլ Մարկոսն էր պարտավոր գրավել մրցակցի դարպասը, իսկ Յուրա Մովսիսյանն իր լավագույն հանդիպումը չանցկացրեց: Մեր հավաքականի հարձակման գծի առաջատարը մի քանի անգամ լավ դիրքերում ստացավ գնդակն ու չկարողացավ մշակել այն:
68-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարն անիմաստ 11 մետրանոց նշանակեց մեր դարպասին: Նրա կարծիքով Սարգիս հովսեփյանը կանոնները խախտեց Սամարասի նկատմամբ: Սամարսն ինքը մոտեցավ նշակետին, բայց Ռոման Բերեզովսկին նրա հարվածից հետո ոչ թե ետ մղեց գնդակը, այլ ֆիքսեց այն:
Այդուհետ մերոնք ևս մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ:
85-րդ րոպեին մրցավարը երկրորդ անիմաստ 11 մետրանոցը նշանակեց մեր դարպասին և կրկին փայլեց Ռոման Բերեզովսկին:
Այսքանից հետո Հայաստանի հավաքականը պարտավոր էր հավասարեցնել հաշիվը, սակայն չկարողացավ: Ի դեպ, երկրորդ 11 մետրանոցի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չկարողացավ զսպել կրքերը և հեռացվեց պահեստայինների նստարանից:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել