Օտարերկրացիները կրկին կարող են պատվաստվել՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից

Առողջապահության նախարարությունը փոփոխություն է կատարել օտարերկրացիների պատվաստման գործընթացում։

«Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Օտարերկրացիների շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ «ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:

Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին բազմաթիվ իրանցիներ գալիս էին Հայաստան կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու։ Հուլիսի 7-ին առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել, որ օտարերկրացիները կարող են պատվաստվել Հայաստանում առնվազն 10 օր մնալու դեպքում և բացօթյա տարածքներում գտնվող շարժական կետերում։

Մեկնաբանել