Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին

Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն։

«Շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:

«Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Եվս երկու զինծառայողներ վիրավորվել էին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել