Թոշակառուները անկանխիկ առևտուր անելու դեպքում զեղչեր են ստանալու

Հայաստանում կենսաթոշակառուները բանկային քարտով՝ անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում կարողանալու են զեղչեր ստանալ։ Այժմ կառավարությունը պատրաստում է համապատասխան նախագիծ ու այն կքննարկվի առաջիկայում։ Կառավարության մայիսի 13-ի նիստում այդ մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ։ Սա ունի մի քանի կարևոր նշանակություն՝ առաջինը սոցիալական է, երկրորդը՝ կանխիկի կրճատումը և երրորդը՝ այդ առևտրի ու գործարքների տվյալների վերլուծության արդյունքում ավելի արդյունավետ կդարձնենք սոցիալական քաղաքականությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ համակարգն աշխատելու է պետության ու մասնավորի համագործակցությամբ ու զեղչերը, որ կարող են կազմել մինչև 10 տոկոս, կարող են համաֆինանսավորվել պետության, բանկերի ու մասնավորի կողմից։

«Հետվճարային համակարգ է կիրառվելու։ Առևտուր արվեց, առևտրի որոշակի գումար հետ է փոխանցվելու թոշակառուի քարտին, որով ինքը կկարողանա էլի առևտուր անել։ Պարզ ծրագիր չէ, այն ունի ծրագրային ապահովման անհրաժեշտություն»,- բացատրեց Փաշինյանը։

Այս գործիքի կիրառումը, ըստ նրա, այլ մեխանիզմով թոշակները 10 տոկոսով բարձացնելու մասին է. «Երևանում ընդգրկվածությունը մեծ կլինի, բայց պիտի աշխատել մարզերում, մարզային տնտեսվարողների հետ, որ նրանք էլ ընդգրկվեն այս ծրագրում»,-ասաց Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նախագիծը կարող է ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ կայանալիք կառավարության նիստում։

Մեկնաբանել