ՀԱՊԿ առաքելությունը կժամանի հինգշաբթի․ Արարատ Միրզոյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Հայաստան կժամանի վաղը (հինգշաբթի), հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների միջազգային արձագանքը մեծամասամբ հասցեական է եղել։ Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին։

«Որոշ երկրների դեպքում ոչ այնքան հասցեական էր, որքան մենք կցանկանայինք, ու կհամապատասխաներ դա իրականությանը»,- նշեց նա։ Անդրադառնալով Հայաստանի դիմումի վրա ՀԱՊԿ-ի արձագանքին` Միրզոյանը տեղեկացրեց, որ որոշվել է Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն, և սպասվում է, որ այն կժամանի վաղը։

Արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի դիմումը պատշաճ քննարկվել է, եթե նախկին էսկալացիաների դեպքում ՀԱՊԿ-ը առաքելություն չէր ուղարկում Հայաստան, այժմ արդեն նման որոշում է կայացված։

ՀԱՊԿ- խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել էր կազմակերպության պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքի վրա, ինչը նշանակում է, որ անդամ երկրի նկատմամբ ագրեսիան ագրեսիա է մյուս անդամների նկատմամբ. «Մենք խնդրել ենք ՀԱՊԿ-ից, այդ թվում ռազմական օգնություն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ու ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումն ապահովելու համար»։

Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ նիստի նաախձեռնումը գոհացուցիչ փաստ է, եղել է բաց ու անկեղծ քննարկում, իսկ կայացված որոշումը եղել է նվազագույն անհրաժեշտը այս փուի համար։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում է ընդունվել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Սեպտեմբերի 14-ին ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին ծայրահեղ լարված է։ Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին սկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդը լայնորեն կիրառում է նաև հարվածային անօդաչու սարքեր։

Հրթիռահրետանային հարվածների զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։

Մեկնաբանել