Արայիկ Հարությունյանը գալիս է Երևան՝ քննարկելու ստեղծված իրավիճակը 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար․ այս մասին «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- ասել է Ավանեսյանը:

***

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որով «Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Նախքան պրահյան հանդիպումը՝ սեպտեմբերի 30-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում Արցախի հարցին կարող է և անդրադարձ չլինել»։

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե 2007-ին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանը դրանով իսկ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման՝ 2007-ին ընդունված Մադրիդյան սկզբունքների առաջին կետում ամրագրված է․

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում […] ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Մեկնաբանել