Սարսանգի ջրամբարը

ՍիվիլՆեթի արցախյան թիմն այցելել է Սարսանգի ջրամբար։ Ջրի մակարդակն էապես իջել է, քանի որ Արցախի կառավարությունը ՀԷԿ-ն աշխատեցնելու համար շատ ջուր է բաց թողել վերջին մի քանի ամիսներին, որպեսզի մի կերպ բավարարի շրջափակված 120 000 բնակիչների էներգետիկ կարիքները։

2020-ի պատերազմից հետո Արցախը կորցրել է իր ՀԷԿ-երի մեծ մասը։ Սարսանգը ամենամեծ հիդրոէներգետիկ հանգույցն է այնտեղ, որը բավարարում է ներքին պահանջարկի մոտ կեսը։

Բաքուն էներգատեռոր է իրականացնում Արցախի նկատմամբ։ Ադրբեջանը հունվարի 9-ից խափանել է Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, իսկ Հայաստանից Արցախ գազամատակարարումը շրջափակման 30 օրերի ընթացքում անջատել է մոտ տասն անգամ։ Թե՛ էլեկտրագիծը, թե՛ գազատարը անցնում են 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներով։

Սարսանգի ջրի մակարդակի անկումը խնդիրների է հանգեցնելու նաև Ադրբեջանի համար։ Թարթառ գետի վրա կառուցված ջրամբարի ստորին հոսանքում ադրբեջանական գյուղերն են ու գյուղատնտեսական տարածքները։ Ոռոգման սեզոնին նրանք ջրի սուր պակաս են ունենալու։

Արցախի պաշտոնյաները նշում են, որ Սարսանգի ջրի մակարդակը վերականգնելու համար մի քանի տարի կպահանջվի։

Մեկնաբանել