Ռումինիայում Հունգարիայի դեսպանը կառավարության անունից ներողություն է խնդրել հայերից

Ռումինահայերը բողոքի ակցիա են կազմակերպել այդ երկրում Հունգարիայի դեսպանության առջև: Նրանք անցորդներին տեղեկատու թերթիկներ են բաժանել, և դեսպանի հետ հանդիպման գնացել «Դավադրություն Բաքվի խանի հետ», «Դուք թքել եք արդարության վրա, դուք թքել եք մարդկության վրա 30 արծաթի դիմաց», «Դուք ձեզ դուրս եք դրել եվրոպական արժեքներից», «Հունգարական արդարադատությունը` վաճառքի», «Ամոթ հունգարական կառավարությանը», «Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա», «Համերաշխություն հունգարահայերի հետ» վերտառությամբ անգլերեն, ռումիներեն և հունգարերեն պաստառներով. հաղորդում են հայաստանյան լրատվամիջոցները:

Համայնքի պատվիրակությունը` Ռումինիայի Խորհրդարանի փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանի և Ռումինահայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանայի գլխավորությամբ բողոքի նամակ են հանձնել դեսպանությանը, ուր համայնքն իր ընդվզումն էր հայտնում այդ ամոթալի գործի կապակցությամբ: «Մարդասպանի արտահանձնումը ոտնահարում է ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկիր Հունգարիայի ընդունած բոլոր արժեքները: Ռումինահայ համայնքը Հունգարահայ համայնքի կողքին է և կարծում է, որ հունգարական կառավարության արարքը խախտել է ազգային արժանապատվությունը մի էթնիկ խմբի, որը ներդաշնակորեն ապրել է հունգար ժողովրդի կողքին դեռևս հունգարական պետության հիմնադրման պահից: Ռումինահայ համայնքը` ամբողջ աշխարհի հայերի հետ միասին, բացատրություններ է պահանջում Հունգարիայի կառավարության անընդունելի որոշման հետ կապված, որ մարդասպանին հանձնում է մի երկրի, ուր փառավորվում է քրեական արարքը, այսպիսով, դառնալով մարդասպանի ներման և նրա աններելի հանցագործության հանցակից»,- ասվում է բողոքի նամակի մեջ:

Պատվիրակությանը, այնուհետև ցուցարար երիտասարդներին դեսպանության շենքում ընդունել է Բուխարեստում Հունգարիայի դեսպան Օսկար Ֆուզեշը, ով հունգարական կառավարության անունից ներողություն է խնդրել բարեկամ հայերից և իր խոր ափսոսանքը հայտնել կատարվածի կապակցությամբ: Նա նշել է, որ հայերը հունգարացիների հետ ուս-ուսի կերտել են Հունգարիան և այսպիսի ցավալի միջադեպը չպետք է խաթարի դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը: Որպես իր ասածի հավաստիացում, դեսպանը շենքի ներսում և դրսում լուսանկարվել է ցուցարարների հետ` այդպիսով հայտնելով իր անհամաձայնությունը կատարվածի նկատմամբ և համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի Բուխարեստի Հայկական թաղամաս, ուր Հայոց եկեղեցու առջև շարունակել են հավաքը:

Լուսանկարը` panorama.am-ի:

Մեկնաբանել