Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները

pashinyan- north south road

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Պետական մարմինները վերջին տարիներին հանդես են եկել շինարարական մի շարք հավակնոտ նախագծերով, որոնք, սակայն, թերի են իրականացվել կամ անգամ չեն մեկնարկել։

#CivilNetCheck-ը առանձնացրել է մի շարք նախագծեր, որոնք արդեն պետք է մեկնարկած կամ ավարտված լինեին, և փորձել է պարզել՝ ինչ փուլում են դրանք։

Հյուսիս-հարավ ճանապարհ

Շուրջ 15 տարի առաջ մեկնարկած «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների կառուցման աշխատանքներն այս իշխանությունների օրոք նույնպես դանդաղ են ընթանում։

«Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ տրանշի (Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ)՝ Սյունիքի հատվածում աշխատանքները նախատեսված էր բաժանել երեք մասի՝ Սիսիանից Քաջարան, Քաջարանի թունել, Քաջարանից Ագարակ: Հայտարարվում էր, որ շինարարությունը պետք է իրականացվի ՀՀ կառավարության և միջազգային մի շարք բանկերի համաֆիանանսավորմամբ։

Սիսիան-Քաջարանի շինարարությունը չի սկսվել

Կառավարությունը դեռ 2021-ին Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը սահմանել էր որպես առաջնահերթություն։ 2022-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց 70 օր տևող նախաորակավորման մրցույթի մասին, որից հետո պիտի սկսվեր շինարարության աշխատանքների մրցույթը։ Մրցույթները բազմիցս հետաձգվել են։

60 կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան մայրուղին «Հյուսիս-հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի ամենաբարդ հատվածներից է, որը պետք է ներառի 12 թունել և 27 կամուրջ ու կունենա։ 2023-ի տարեվերջյան զեկույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ այդ հատվածի կառուցման ուղղությամբ կան մասնագիտական վեճեր, որոնց պատճառով շինարարությունը հետաձգվում է։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) հայտնել են, որ տվյալ պահին իրականացվել է միայն հատվածի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների լրացուցիչ գնահատում ու պատրաստվել է կառուցման մանրամասն նախագիծը։ Ֆինանսավորման վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, և հստակեցումից հետո կհայտարարվի մրցույթ շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների համար։

Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը սկսվել է ուշացումով

Այցելություն Քաջարան-Ագարան հատված։ Լուսանկարը՝ Ճանապարհային դեպարտամենտի։

Այս հատվածի շինարարությունն պետք է սկսվեր 2023-ի աշնանը։ Սակայն հոկտեմբերին նոր միայն կնքվեց շինարարության պայմանագիր իրանական ընկերությունների հետ։

2024-ի փետրվարին Ճանապարհային դեպարտամենտը հայտնեց, որ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է, իսկ մարտին, թե հատվածում կատարվում են «մոբիլիզացիոն ու նախապատրաստական աշխատանքներ»։

ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մոբիլիզացիոն աշխատանքները կտևեն նվազագույնը երկու ամիս, իսկ շինարարությունը կմեկնարկի բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։

Քաջարանի թունելի կառուցումը չի սկսվել

Ինչ վերաբերում է Քաջարանի թունելին, ապա դեռ 2022-ի նոյեմբերին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր իրանական ընկերությունների հետ այս ուղղությամբ աշխատելու ցանկության մասին։ Նշել էր, որ երկու երկրները պայմանավորվել են, որ իրանական ընկերությունները Հայաստանի տարածքում Քաջարանի 7,2 կմ թունելի շինարարությունը կսկսեն 2023-ի գարնանը։

Մինչ օրս թունելի կառուցման մասին լուրեր չկան։ ՏԿԵՆ-ից մեզ հայտնեցին, որ նախագիծը պատրաստ է ու անցել է համալիր փորձաքննություն։ Ըստ գրության՝ այժմ դեռ հստակեցվում են ֆինանսավորման աղբյուրները, ինչից հետո կիրականացվի գնման մրցութային գործընթաց, որպեսզի շինարարությունը մեկնարկի։

Մոդուլային դպրոցների կառուցումը չի մեկնարկել

Բացի ճանապարհներից՝ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ խոսում է դպրոցների կառուցման և վերակառուցման տարբեր նախագծերի մասին։

2022-ի նոյեմբերին կառավարությունը որոշեց կրթական բարեփոխումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան համայնքի 13 բնակավայրում կառուցել 13 մոդուլային դպրոց։

ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ 13-ի փոխարեն ընտրվել է յոթ բնակավայր, որտեղ նոր դպրոցների շինաշխատանքները կմեկնարկեն 2024-ին։ Ընտրվածներից վեցի կառուցման համար մրցույթները դեռ չեն կայացել, ու պետք է նոր մրցույթներ հայտարարվեն։

Մոդուլային դպրոցների հարցին վերջերս անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա, եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը»,- նշել էր Փաշինյանը։

Մոդուլային դպրոցների կառոիցումը ավելի խոշոր՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլի մաս է։

Ծովագյուղի մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն

Կառավարության որոշմամբ՝ 2022-ի հուլիսին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում «բնակիչների եկամուտները խթանելու նպատակով» նախատեսվում էր կառուցել մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն։ Շինարարությունը համաֆինանսվարոելու էին Ճապոնիայի դեսպանատունն ու Գերմանիայի միջազգային համագործակցության միությունը (GIZ)։

ՏԿԵՆ-ից տեղեկացրին, որ շինաշխատանքներն ավարտվել են, ու շենքը պատրաստ է անցնել շահագործման, և պաշտոնական բացումը նախատեսվում է ապրիլին՝ Ճապոնիայի դեսպանի մասնակցությամբ։

Մեկնաբանել