Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովության ծրագիրը կառավարությունն առաջիկայում կհաստատի

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանային ապահովության ծրագիրը կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում․ մայիսի 7-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ծրագիրը բավականին ընդարձակ է, երեք ուղղությամբ է լինելու աջակցությունը՝ տուն կառուցելու, տուն ձեռք բերելու համար և հիփոթեքային վարկ ունեցողներին նույն չափաբաժնով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև տարեցների համար սոցիալական բնակարանի ապահովման ուղղությամբ, այսինքն՝ մարդկանց բնակարան կտան, բայց դա իրենց սեփականությունը չի դառնա։

«Բազային գումարը, որ պետք է հատկացնենք մեկ անձին, 3 միլիոն դրամ է, բայց դա գործակիցներով ավելանալու է մինչև 5 միլիոն դրամ։ Գործակիցը տարբեր բնակավայրերից, գոտիականությունից և այլ հանգամանքներից է կախված»,- ասաց Փաշինյանը։

Առաջնահերթությունը կտրվի սոցիալական որոշ խմբերին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Մեկնաբանել