Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2020-ից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված գործերին։
«2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով, տասնյակներ ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»,- պնդում արեց նա։
Լրագրողը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դավաճանների, գործակալների մասին, որոնք գործում են ՀՀ շահերի դեմ, սակայն իրավապահ համակարգը դրանց հիման վրա վարույթներ չի նախաձեռնում՝ դրանք որակելով քաղաքական հայտարարություններ։
Պետական դավաճանության հոդվածով վարույթները՝ 2020-ից ի վեր
Դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքերով 2020 թվականին հարուցվել էր մեկ քրեական գործ, որի նախաքննությունը փոխանցվել է 2021 թվական:
2021 թվականի ընթացքում քննվել էր չորս գործ, որոնք մեղադրական եզրակացությամբ դատարան էին ուղարկվել։ Դրանցով դատի էր տրվել 5 անձ, որոնցից 4-ը գտնվել են կալանքի տակ:
2022 թվականի ընթացքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով քննվել է 17 քրեական վարույթ, որից 10 քրեական գործ 17 անձի վերաբերյալ, որոնք գտնվել են կալանքի տակ, ուղարկվել է դատարան:
Նշենք, որ մինչև 2022-ի վերջ դատարան ուղարկված քրեական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր առկա չէին։
2023 թվականի ընթացքում քննվել է պետական դավաճանության դեպքերի առթիվ նախաձեռնված 16 քրեական վարույթ, որից 1 քրեական վարույթ կարճվել է արդարացնող հիմքով: 3 քրեական վարույթ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նույն տարում դատարանում ավարտվել է 2 քրեական գործ 2 անձի նկատմամբ։ Կայացված մեղադրական դատավճիռներով վերջիններս դատապարտվել են ազատազրկման։
Ինչ վերաբերում է 2024-ին, ապա մայիսի 8-ի դրությամբ պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։
«Ներկայումս նախաքննություն է իրականացվում երեք քրեական վարույթներով։ 2024 թվականի դրությամբ դատարաններում քննվում են պետական դավաճանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 418-րդ հոդված, նախորդ օրենսգիրք՝ 299-րդ) նախաձեռնված 15 քրեական գործ»,- նշված է դատախազության պատասխանի մեջ։
2024-ի ընթացքում դատարանում ավարտվել է 1 քրեական գործ՝ կայացվել է մեղադրական դատավճիռ։
Այսպիսով, վերջին չորս տարիներին պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է շուրջ երեք տասնյակ քրեական վարույթ, շուրջ 20 վարույթ՝ ավելի քան 25 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մինչդեռ, մինչ օրս դատարաններում ավարտվել է միայն երեք գործ, որոնցով երեք անձ մեղավոր է ճանաչվել։
Վարչապետի ենթադրությունը, թե պետական դավաճանության հոդվածով մեղադրվող անձանց մեծ մասն արդեն ունի դատապարտյալի կարգավիճակ, սխալ է։