Արագածի գեղեցկությունը գնահատելու համար պետք չէ մերժել Արարատի վեհությունը

Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենաապաքաղաքականն է։ Այնքան ապաքաղաքական, որ ըստ գերմանացի հանճարեղ գրող Թոմաս Մանի, ամենաանմեղ բառն անգամ բողոքի ցույց է երաժշտության համեմատությամբ։ Երաժշտության նման առանձնահատկությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս արվեստն իր մեջ կրող և այդ արվեստում վարպետացած անհատի վրա։ Բնականաբար, դա չի նշանակում, որ տաղանդավոր երաժիշտը չի կարող ունենալ քաղաքական հայացքներ ու քաղաքացիական կեցվածք։ Սակայն, ի տարբերություն այլ արվեստների ներկայացուցիչների, ասենք, գրողի, որը կարող է իր տեքստում, մնալով կամ չմնալով գեղարվեստական խոսքի տարածքում, լիարժեքորեն արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունները, մտահոգություններն ու տեսակետները, երաժիշտը, հատկապես երաժիշտ կատարողը հնարավորություն չունի նույնն անելու։

Այս է պատճառը, որ գրողը, նկարիչը, դերասանը, բեմադրիչը և մյուս արվեստների շատ մարդիկ հաճախ բավարարվում են իրենց քաղաքական կեցվածքը սեփական արվեստում արտահայտելով, մյուսները նույնն անում են թե՛ իրենց ստեղծագործական տարածքում և թե՛ հասարակական ու քաղաքական ամենատարբեր հարթակներում։

Նրանք, ովքեր երկրի քաղաքական իրողությունների մասին չեն զլանում կարծիք ասել, մեղադրում են նրանց, ովքեր գոհանում են միայն սեփական ստեղծագործությամբ արտահայտվելով։ Արաբ իմաստունի՝ «Մեկ անգամ խոսելու համար կարելի է զղջալ, բայց հազար անգամ լռելու համար՝ ոչ» թևավոր խոսքն այսօր արդիական չէ, քանի որ կարելի է խորապես զղջալ ոչ միայն հազար, այլ թեկուզ մեկ անգամ լռելու համար։ Զղջալ լռելու համար, բայց շարունակել լռել, որովհետև կարծիք արտահայտելու այս մոլուցքի, խոսելու և չլսելու այս համաճարակի մեջ ամեն խոսք կորցրել է իր արժեքն ու իմաստը։

Այո, դժվար չէ գրական տեքստի մեջ կամ ֆիլմում տեսնել ու ըմբռնել հեղինակի հասարակական հայացքները, ազգային մտահոգություններն ու դժգոհությունները, եթե անգամ դրանք գեղարվեստի տիրույթով են սահմանափակված։ Բայց գրեթե անհնար է այդ նույն հայացքներն ու մտահոգությունները նկատել, երբ, ասենք, Նարեկ Հախնազարյանը Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտն է նվագում։

Դժվար է ասել, տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգի ընթացքում կասե՞ր այն խոսքերը, որոնք լայն քննարկման առիթ դարձան սոցցանցերի տիրույթում, թե՝ ոչ, եթե իր արվեստով դրանք արտահայտելու միջոց ունենար։ Չգիտեմ՝ նույնքան ազդեցի՞կ կլիներ նրա խոսքը, եթե ամեն մի համերգում ասեր, կամ ինչ ազդեցություն կունենա նման մտահոգ խոսքը, եթե յուրաքանչյուր երաժիշտ համերգի ընթացքում փորձի արտահայտվել բառերով։

Նարեկացու «Հավուն-հավունը» նվագելուց առաջ բացառիկ տաղանդի տեր երաժիշտն ասել է․ «Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է է՛լ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմական Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության և առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել… առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»։

Այս տողերը լիարժեքորեն արտահայտում են այն մտածումներն ու ապրումները, որ ունեն շատ շատերը՝ արվեստագետ լինեն, թե պարզապես մտածող մարդիկ։

Այս դեպքից օրեր անց հրապարակվեց ԱՄՆ-ում գործող՝ Ցեղասպանության կանխարգելման Ռաֆայել Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետության ղեկավարի ապրիլքսանչորսյան ուղերձում կար զոհի և դահճի դերերի շփոթ։ Գրեթե համոզված եմ, որ այս տպավորությունը այդ ոչ կառավարական հիմնարկում ստացել են ոչ միայն Հայաստանի վարչապետի ուղերձից, այլ դրան նախորդող մի քանի այլ հայտարարություններից՝ Ցեղասպանության զոհերի թվի ճշգրտում, Ցեղասպանություն իրավական ստատուս ունեցող եզրի փոխարեն Մեծ եղեռն եզրի կիրառում և այլն։ Սրան ի պատասխան հնչեց իշխանությունը ներկայացնող մի պատգամավորի հայտարարությունը, թե Լեմկինի ինստիտուտը իրավունք չունի խառնվելու մեր պետության ներքին գործերին, և որ այդ հայտարարությունը գրվել է Դաշնակցության գրասենյակում։ Լեմկինի ինստիտուտի խորհրդի յոթ անդամներից մեկը հայ է, գուցե նույնիսկ դաշնակցական է, կամ գուցե գործի բերումով շփումներ ունի Հայ դատի գրասենյակների հետ, սակայն այդ պատասխանի մեջ չկար մեղադրանքի ոչ մի պարզորոշ հերքում։

Այս դեպքում հարց է առաջանում, թե որ գրասենյակում է գրվել Սերգեյ Խաչատրյանի բեմից հնչեցրած հայտարարությունը։ Եվ ինչո՞ւ նա և շատերս ունենք նման մտահոգություն։

Այս ամենը վերածվում է հայրենի՞ք, թե՝ պետություն, հա՞յ, թե՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի բանավեճի։

Որպես Հայաստանի Հանրապետության ոչ այնքան հպարտ, այլ սովորական քաղաքացի չեմ ուզում որևէ առավելություն ունենալ կամ անգամ զգալ Հայաստանի Հանրապետության եզդի կամ ասորի քաղաքացու նկատմամբ, բայց ես ուզում եմ շարունակել ինձ հայ զգալ։ Հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման մտածելն ու գործելը ոչ մի կերպ չի հակասում պատմական հայրենիքի հետ հոգևոր կապի ու արյամբ հաղորդակցման հետ, եթե չասենք՝ ճիշտ հակառակը։ Կարճ ասած՝ քառագագաթ Արագածի գեղեցկությունը գնահատելու համար չեմ կարող ուրանալ Արարատի առավել վեհությունը։

Ընդունում եմ, որ «պետություն, թե պատմական հայրենիք» հակադրությունն այնքան էլ արհեստական չէ, որ պատմական հայրենիքը մեծամասնության համար կարոտ ու թախիծ է պահանջում, պետությունը՝ գործ, որը ծուլանում ենք անել։ Այս վեճը թեև հիմա է սրված, բայց նոր չէ։ Անկախության այս բոլոր տարիների ընթացքում քիչ թե շատ թեժությամբ այն անընդհատ արծարծվել է։ Անձամբ մի չորս-հինգ անգամ տարբեր լրատվամիջոցներում անդրադարձել եմ այս թեմային։ Եվ մշտապես պնդել եմ, որ հայոց պատմությունն ու դարերի մշակույթի ջատագովությունը ոչ միայն չի խոչնդոտում պետության պատասխանատու քաղաքացի լինելը, այլև ճիշտ հակառակն է։

Սերգեյ Խաչատրյանի՝ «պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի․․․ առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու» խոսքը խիստ մեղմելու պարագայում անգամ կարող եմ պնդել, որ առանց հայ զգալու ավելի հեշտ է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ Էթնիկ մոնոպոլ կազմ ունեցող մեր երկրում առանց այդ էլ չկա այն մետրոպոլ մեծամասնությունը, որը աներկբայորեն իր և իր սերունդների ապագան Հայաստանում է պատկերացնում։ Հայաստանից հեռանում են, ձգտում են այլ երկրի քաղաքացի դառնալ իրենց իրավունքների և հատկապես անվտանգության առավել ապահովության համար՝ առանց կարևորելու, որ այդ երկրի իրավունքներին ու անվտանգությանը հասնելու համար ոչինչ չեն արել։ Եթե ամենակարևորը քաղաքացիությունն է, ապա ինչո՞ւ չլինել առավել կայացած երկրի քաղաքացի։ Այս մտայնությունը պիտի փոխվի, բայց ոչ պատմական անցյալն ու մշակույթը քացահարելու միջոցով, և ոչ կտրուկ ու շոկային ցնցումներով։

Մեկնաբանել