Պուտինը տասը տարում ձևավորել է կառավարման սեփական ոճը․ հարցում

Ռուսաստանցիները կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած տասը տարիներին կարողացել է ձևավորել կառավարման սեփական ոճը։ Ինչպես հայտարարել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը, այս մասին են վկայում կենտրոնի իրականացրած հարցման արդյունքները։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ասել է, որ 2003թ․ հարցվածների մոտ 49%-ը, պատասխանելով հարցին, թե ում հետ կարող են համեմատել Վլադիմիր Պուտինի կառավարման ոճը, նշել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին (1983-1984 թթ․)։

«Այսօր պատասխանելով այդ նույն հարցին՝ միայն 9%-ը կրկին նշել է Յուրի Անդրոպովին, ինչը խոսում է այն մասին, որ այս տարիներին Վլադիմիր Պուտինը կարողացել է ձևավորել իր սեփական ոճը»,- ասել է Ֆյոդորովը։

Ընդ որում՝ նրա խոսքով՝ Պուտինի ժողովրդականության վարկանիշը վերջին տարում (2012թ․ մարտից) ընդհանուր առմամբ մնացել է նույն մակարդակում՝ մոտ 58-60%։ Ռուսաստանի քաղաքացիները նախագահի վաստակն են համարում բնակչության բարեկեցության աճը, հաջողությունները արտաքին քաղաքականությունում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիմնական բացասական կողմերն են, ինչպես կարծում են հարցվածները, գների աճն ու եկամուտների ցածր մակարդակը։

Պուտինից հետո երկրում ժողովրդականությամբ երկրորդ քաղաքական գործիչը, Ֆյոդորովի խոսքով, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, որի վարկանիշը տատանվում է 22-25%-ի մակարդակում։

«Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը մեկ տարվա մեջ չի փոխվել»,- ասել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի ղեկավարը։ Մեդվեդևին հաջորդում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը՝ 8%-ով։ «Հարկ է նշել, որ Գենադի Զյուգանովի վարկանիշը անկում է ապրել, և իմ կարծիքով՝ զգալի։ Մեկ տարի առաջ այն 12% էր կազմում»,- ասել է Ֆյոդորովը։

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի գլխավոր տնօրենը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի վարկանիշի անկման վրա՝ 10%-ից մինչև 8%։ Համաձայն հարցման՝ 2-ական տոկոս են ստացել ՌԴ Պետդումայում «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն ու ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը։

«Առանձնահատուկ ուշադրություն կցանկանայի հրավիրել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անձի վրա։ Նրա վարկանիշը 2000-ական թվականների կեսին կազմել է 15-16%, ապա անկում է ապրել՝ հասնելով գրեթե զրոյի։ Ներկա դրությամբ Սերգեյ Շոյգուն գրեթե առաջ է անցել Զյուգանովից ու Ժիրինովսկիից, և նրա վարկանիշը կազմում է 6-7%»,- ասել է Ֆյոդորովը։

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի ղեկավարը նշել է, որ Պուտինի նախագահության երրորդ ժամկետի առաջին տարվա գլխավոր առանձնահատկություններից մեկը տանդեմի ապամոնտաժումն է։

«Ինչպես մենք տեսնում ենք, Պուտինը դարձել է բավական անհատական։ Հարցվածները ներկայում Պուտինին այլընտրանք չեն տեսնում»,- եզրափակել է Ֆյոդորովը։

Մեկնաբանել