Թուրք պատգամավորն առաջարկում է Ռուսաստանի միջոցով կանխել Ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռըֆաթ Սայիթը RS FM-ին տված հարզազրույցում խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և դրանցում Ռուսաստանի դերակատարության մասին, հաղորդում է Turkish.ruvr.ru կայքը:

Պատգամավորի կարծիքով` Թուրքիան այս խնդրում առաջնորդվում է արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այն սկզբունքով, որ որքան զարգանում են տնտեսական հարաբերությունները, այնքան բարելավվում են հարաբերությունները, և ճանապարհ է հարթվում խնդիրների լուծման համար:

«Ներկայում մենք խնդիրներ ունենք Հայաստանի հետ, քանի որ հայերն առաջ են քաշում Ցեղասպանության հարցը: Բոլորն էլ գիտեն, որ այդ պնդումների հետևում կանգնած է Ռուսաստանը: Եվ վերջինս այն հանգուցային երկիրն է, որը կարող է լուծել Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրները: Այս մոտեցումը մենք արդեն օրակարգ ենք բերել: Եթե կարողանանք համոզել Ռուսաստանին և նրա հետ համաձայնության գալ, ապա կարծում ենք` հարցը կլուծվի»,- ասել է թուրք պատգամավորը` հարաբերությունների կարգավորման խթան համարելով տնտեսական հարաբերությունները:

Նա հստակեցրել է նաև, թե տնտեսական ինչ ծրագրերի մասին է խոսքը. էներգակիրների տեղափոխում, Թուրքիայի վրայով գազատարների կառուցում, նոր ճանապարհների անցկացում և այլն: Բացի Հայաստանից և Թուրքիայից, այն օգտակար կլինի նաև Ռուսաստանի համար, որը Հայաստանում հիմնական ներդրողներից է: Թուրք պատգամավորն ավելացրել է, որ մի կողմ թողնելով լարվածությունը` պետք է խոսել տնտեսության, զբոսաշրջության զարգացման և մշակութային համագործակցության մասին:

Մեկնաբանել