Տերյան փողոցում կատարված սպանության կասկածանքով անչափահաս է ձերբակալվել

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն` ապրիլի 9-ին` ժամը 15:45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ապրիլի 10-ին` ժամը 04:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997թ. ծնված Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հայկ Ա.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել