Է. Նալբանդյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարարին

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ սլովակ գործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նա կարևորել է, որ Լայչակին ուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը և արդեն կայացել է գործարար համաժողով, ինչը կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ընդունելության համար՝ Լայչակն ընդգծել է, որ Սլովակիան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։

Հանդիպմանը հանգամանալից զրույց է ծավալվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, հումանիտար, և այլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու կարևոր միջոցի:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի իշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և կարևորել այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրել են առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս։

Մեկնաբանել